«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հումքը՝ սարդոստայն, թեման՝ աշխարհն ու տիեզերքը․Գյումրիում գործում է աշխարհի ամենաբացառիկ նմուշներով ցուցասրահը

17/08/2021

Գյումրիում գործում է աշխարհի ամենաբացառիկ նմուշներով ցուցասրահներից մեկը: Ցուցադրվում են աշխատանքներ, որոնց համար հումք հանդիսանում է սարդոստայնը: Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը 2009 թվականին սկսեց զբաղվել արվեստի այս յուրօրինակ ուղղությամբ և այսօր արդեն նրա արվեստանոցը վերածվել է ցուցասրահի, որտեղ մի քանի տասնյակ աշխատանքներ կան: Սարդոստայնային նկարները այցելուներին գրավում են իրենց կատարողականությամբ, գունային հետաքրքրիր մոտեցումներով և ասելիքով: Սարդոստայնի օգնությամբ հեղինակը պատկերում է տիեզերքը, դրա մեջ մարդուն և նրա առաքելությունն այս կյանքում:

Պատմության մեջ որպես արվեստի գործերի հումք սարդոստայնի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 16-րդ դարին: Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների՝ կտավների վրա։ 100-ից քիչ հայտնի սարդոստայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում է անձնական հավաքածուներում։

500 տարի անց, 21-րդ դարում, սարդոստայնային արվեստը վերականգնել է գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը: Նա աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ պատկերներ է ստեղծում հենց սարդոստայնից: Հումքի ընտրությունից սկսած՝ ամեն ինչում հեղինակը իմաստ ու ասելիք է ներդնում:
«Սարդոստայնը անսահմանության մեջ եղած առարկաների միջև եղած էներգետիկ  կապի պատկերն է: Դա իմ փիլիսոփայությունն է: Իմ աշխատանքներում կա արտահայտված տիեզերական էներգիայի պատկերը, ժամանակի և էներգիայի հարմոնիան, այսինքն՝ կյանքում , տիեզերքում ամեն ինչ բալանսի մեջ է լավ: Բալանսի խախտման դեպքում ոչ մի բան կարող է գոյություն չունենալ»,- Shantnews-ին ասել է Անդրանիկ Ավետիսյանը:

Մարդը Երկիր մոլորակում, տիեզերքն իր անսահմանությամբ…
Այս ամենը հեղինակը պատկերում է սարդոստայնային նկարներում: Փնտրում է մարդկությանը հավերժ հուզող հարցերի պատասխանները և այս ամենը յուրովի է ներկայացնում՝ նկարչական արվեստի բոլոր կանոններից դուրս:
Անդրանիկ Ավետիսյանի հեղինակային մոտեցման ևս մեկ յուրահատկությունն էլ այն է, որ նա ցուցադրությունը դիտողին դարձնում է համահեղինակ: Սարդոստայնային արվեստի գործերը երկիմաստ են: Հեղինակը  ցուցասրահի այցելուների համար ոչ թե մեկնաբանում է իր աշխատանքները, այլ թույլ է տալիս, որ յուրաքանչյուրն ընկալի յուրովի:
Անդրանիկն իրեն նկարիչ չի համարում, կարծում է, որ ստեղծագործական իր մոտեցումները և ուղղությունը, որը ներկայացնում է, խիստ տարբերվում են նկարչական ձեռագրերից: Սարդոստայնով ստեղծված գործերը յուրահատուկ են նաև սրանով, որ դրանք կրկնօրինակել անհնար է:

Սարդոստայնային արվեստի ցուցասրահը Գյումրիում գործում է ընդամենը մեկ ու կես տարի: Այս ընթացքում բազմաթիվ այցելուներ է ունեցել: Աշխատանքներն այլ քաղաքներում ցուցադրելու առաջարկներ շատ է ունեցել, բայց մերժել է: Տեսնել ցանկացողներին ինքն է Գյումրի հրավիրում: Սարդոստայնից ստեղծված գործերի տեղափոխությունը շատ բարդ ու պատասխանատու գործ է:
«Աշխատանքները տեղափոխելը , ցուցադրելը բավական բարդություն է ներկայացնում: Աշխատանքները ապակեպատ են և տեղափոխության ընթացքում կոտրվելու վտանգ կա, իսկ եթե ապակին կոտրվեց , աշխատանքն այլևս գոյություն չի ունենա: Իսկ այս աշխատանքները երևի միակն են , որոնք կրկնօրինակել հնարավոր չէ: Ով որ տեսնելու ցանկություն ունի կարող է գալ այստեղ: Այս ցուցասրահը գործում է արդեն 1 ու կես տարի»,- ասում է Անդրանիկ Ավետիսյանը:


Այդուհանդերձ, Հայաստանից դուրս ևս մեկ ցուցասրահ ունենալու ծրագրեր կան: Նախատեսում է Ֆրանսիայում փոքրիկ ցուցասրահ բացել և մշտական ցուցադրություն կազմակերպել: Անդրանիկ Ավետիսյանի, որպես սարդոստայնային արվեստի հիմնադիրի, առաջին միջազգային ցուցահանդեսը տարիներ առաջ կրկին Ֆրանսիայում էր: 2017-ին մասնակցել է Կաննի «Աշխարհի նկարիչները» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, որտեղ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին։