«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՊ ֆինանսավորումը կարող է նվազել․ կառավարությունը սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում

11/03/2021

Կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից։ Կառավարության չզեկուցվող որոշման հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։
Փաթեթով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Օրենքի այդ հատվածում սահմանված է․
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարությանը, որոնք անըդունելի են համարվել, և օրենքի նախագիծը նախնական տեսքով կառավարությունը հաստատեց։ 

ՄԻՊ-ում կարծում են, որ Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքն ամրագրված է Սահմանադրությունում, որ պետությունն ապահովում է Պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Իսկ ՄԻՊ-ի մասին օրենքով Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:
«Վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք: 2019 թվականին նույնպես արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմումների ու բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2396-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք»,- այս մասին առարկություններում նշել է ՄԻՊ աշխատակազմը։ 
ՄԻՊ-ում համարում են, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման չափը:
«Հետք»–ին ՄԻՊ–ի աշխատակազմից փոխանցեցին նաև, որ կառավարության առաջարկած փոփոխությամբ պաշտպանի անկախության երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։
«Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ այցերը տարբեր հաստատություններ, բողոքների քննարկման, ինչպես նաև դադարել արագ արձագանքման հնարավորությունը և այլն։
Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը»,– նշված ե ՄԻՊ–ի աշխատակազմից մեզ տրամարած պարզաբանման մեջ։

ՄԻՊ-ի անկախության երաշխիքներին այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։ 
Պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ՄԻՊ-ին, այնպես էլ այս փաթեթով այլ ոլորտներին վերաբերող նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են։
«Եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»,- հայտարարել է Տարոն Սիմոնյանը։
Օրենսդրական այս փաթեթը մշակելուց առաջ էլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ կրճատվել է ՄԻՊ աշխատակազմին ամրակցված մեքենաներից 3-ը։ Այդ դեպքում էլ կառավարությունը որոշումը պատճառաբանել էր երկրում տնտեսական խնդիրների առկայությամբ։
https://hetq.am/