«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զոհված ոստիկանները 30 ու 33 տարեկան էին, իսկ մահացող քաղաքացիականը՝ 20 տարեկան, նոր էր պատերազմից եկել

15/07/2021

Երեկ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, 3 զոհ է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանը հայտնեց, որ ներկա պահին դեպքի վայրում են և աշխատանքներ են իրականացնում։
«Հիմա մեքենաները բերել ենք, ճանապարհը մաքրում ենք ջրով, կարգի բերենք, միջպետական ճանապարհ է։ Աղբահանությունից եկել են, վթարից մնացած բաներն են մաքրում։ 
Նա հայտնեց, որ 3 զոհն էլ Էջմիածին քաղաքից են եղել, ոստիկաններն էլ Էջմիածնի բաժնի աշխատողներ են։
«Ոստիկանական մեքենան ինչ որ կանչով գնալիս է եղել, մի կողմից անցել է մյուս կողմ, ճակատ ճակատի հարվածել է այս կողմից շարժվող մեքենային, հանդիպակած են դուրս եկել։ Ոնց որ ճանապարհի եզրին՝ մայթին, էդ բորդյուրին են կպել ու հակառակ ֆռացել է մեքենան հանդիպակած մեքենային է հարվածել։ Զոհված ոստիկանները 30 ու 33 տարեկան էին, իսկ մահացող քաղաքացիականը՝ 20 տարեկան, նոր էր պատերազմից եկել, 2000 թվի ծնված էր»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նա ընդգծում է, որ այդ ճանապարհի վրա պետք է արագաչափեր ավելացնեն, և կանոնները ավելի խստացնեն։
«Շատ արագ են քշում էստեղ։ Մեր գյուղի մեջ օր չկա, որ վթար չլինի։ Սյուներ են ջարդում, իրանց են կոտորում։ Վթարի տեղից 200 մետր ներքև արագաչափ կա, բայց Էջմիածնի կողմից որ գալիս են, Զվարթնոց տաճարի մոտի արագաչափը անցնում են՝ սպուսկ ա, այդտեղ շատ մեծ արագություն են զարգացնում։ Վերջերս ճանապարհային ոստիկաններին ասեցի, որ լուծեն այդ հարցը՝ արագաչափ ավելացրեք, ինչ ուզում եք արեք։ Գյուղի միջով շատ մեծ արագությամբ անցնում են։ Հիմա գյուղում էլ նոր դպրոց ենք սարքում, սեպտեմբերին շահագործվելու է, ես դիմել եմ, խնդրել եմ՝ կամ վերգետնյա, կամ ստորգետնյա անցում անեն, որովհետև էրեխեքին էդքան ո՞նց ենք անցկացնելու էս երթևեկության մեջ»,- ասաց Արթենյանը։