«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում 98 տարվա ընթացքում փակվել է մի քանի տասնյակ կուսակցություն

19/03/2021

Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։

Կազմված մեղադրական եզրակացությամբ ավելի քան 600 ԺԴԿ-ական գործչի համար քաղաքական գործունեության արգելքի պահանջ է ներկայացվել։ Այդ անձանց թվում են նաև կուսակցության ներկա և նախկին համանախագահներ Փերվին Բուլդանը, Միթհաթ Սանջարը, Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը։ Բացի այդ, նախատեսվում է նաև դադարեցնել կուսակցության պետական ֆինանսավորումը և առգրավել կուսակցությանը պատկանող ողջ գույքը։

Նշենք, որ այս երևույթը Թուրքիայի Հանրապետության քաղաքական պատմության ընթացքում եզակի դեպք չէ: Կարելի է ասել՝ այն Թուրքիայի թվացյալ ժողովրդավարության համակարգին բնորոշ, ընդունված և տարածված  քաղաքական ուղեգիծ է:

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից՝ 1923թ. մինչև բազմակուսակցական համակարգի անցումը (1946թ.) ընդամենը 2 կուսակցություն է փակվել Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ: Այնուհետև 1946թ. մինչև 1961թ. կուսակցությունները կարող էին փակվել միայն երկրի տեղական դատարանների որոշման արդյունքում: Այս ժամանակահատվածում փակված կուսակցությունների ընդհանուր թիվը կազմել է 5:

Սակայն 1961թ. Թուրքիայում տեղի ունեցած առաջին ռազմական հեղաշրջումից հետո, երբ 1963թ. ստեղծվեց Սահմանադրական դատարանը, այդ պահից ցայժմ (որոշ բացառություններով) քաղաքական կուսակցությունները փակելու լիազորություները պատկանում են հիշյալ դատարանին: 

1963թ. սկսած Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ 26 քաղաքական կուսակցություն է դադարեցրել իր գործունեությունը:

Քաղաքական կուսակցությունների զտման և մարգինալացման փորձերն, իհարկե, չեն սահմանափակվել այս ամենով: Ավելի կոշտ մեխանիզմների կիրարկումը սպասվում էր երկրում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո: Կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու և արգելելու լիազորությունները ժամանակավորապես (շուրջ 3 տարի) անցան Ռազմական դատարանին:

Այդ ընթացքում 18 կուսակցություն լուծարվեց կամ էլ արգելվեց դրանց գործունեությունը: Նշենք, որ այդ կուսակցությունների թվին էին պատկանում ներկայում Թուրքիայում գործող, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող  «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP):  Բացառություն է կազմում «Մեծ Թուրքիա» կուսակցությունը, որը փակվել է ոչ թե Ռազմական դատարանի, այլ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ (1983թ.):

1983թ. կուսակցությունների մասին արգելքի վերացումից հետո  Թուրքիայում  թույլատրվեց վերաբացել ու հիմնել  մի շարք կուսակցություններ: Այդ ժամանակահատվածից մինչև այսօր  Սահմանադրական դատարանը 20 կուսակցություն է փակել, իսկ 17 կուսակցություն լուծարելու պահանջը չի բավարարել: 

Ժամանակագրական առումով առայժմ վերջին կուսակցությունը, որը փակվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ 2009 թվականին, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունն էր։ Իսկ կուսակցապետ Ահմեթ Թյուրքին 5 տարով արգելել էր զբաղվել քաղաքականությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button