«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 29 տարի առաջ այս օրը` փետրվարի 5-ին, սկսվեց թշնամու վռնդումը Մարտակերտի շրջանից

05/02/2022

1993 թ. փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հակահարձակման անցան Մարտակերտի շրջանում: Համառ մարտերի արդյունքում ազատագրվեց շրջանի բռնազավթված գյուղերի մեծ մասը, հակառակորդի խմբավորումը ծանր պարտություններ կրեց ու ստիպված էր զիջել ռազմական նախաձեռնությունն ու մի շարք ռազմավարական բնագծեր:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Արմատական բեկումը ռազմաճակատի հյուսիսային հատվածում, կարճատև ու մանևրային մարտերը Ասկերանի, Մարտունու և Լաչինի շրջաններում նպաստավոր պայմաններ ստեղծեցին ռազմական հաջողությունը զարգացնելու, ԼՂՀ անվտանգությունը բարձրացնելու համար: Պաշտպանական ծանր մարտերում հյուծելով հակառակորդին` ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները ոչ միայն ամրապնդել էին դիրքերը, այլև նպաստավոր պայմաններ ստեղծել հարձակողական ակտիվ գործողություններ վարելու համար:

Արցախի ԻՊՈՒ կազմավորումների հարձակողական գործողությունները սկսվեցին փետրվարի 5-ի առավոտյան` ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո: Ադրբեջանի զինված ուժերը, չհասցնելով ուշքի գալ շշմեցուցիչ հարվածներից և չդիմանալով հայկական կազմավորումների սաստիկ ճնշմանը, խուճապահար փախուստի դիմեցին՝ մերկացնելով ճակատային գիծը: Անգամ Չլդրանում և Վաղուհասում, որտեղ հակառակորդն ուներ բավականին ուժ և տեխնիկա, դիմադրությունը երկար չտևեց: Միայն Չլդրանում թողնելով երկու տանկ, մեկ ՀՄՄ և տասնյակ դիակներ` թշնամին հետ քաշվեց դեպի Դրմբոն:

Այդ հաջողությունները հնարավոր դարձան մեր միասնականության շնորհիվ: Ներկայում էլ համախմբվելով ու միասնաբար գործելով անդադրում՝ անպայման կվերադառնանք մեր հայրենիքի ազատագրված տարածքները», - նշել է Մ. Հարությունյանը: