«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաչատրյանը ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել հայ ռազմագերիների բանտարկությանը

30/01/2024

ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։

Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրյանը նշել է, որ եթե Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն Արցախի 150․000 հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ադրբեջանական զորքերը ներկայումս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Ալիևը մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, սպառնում է Սյունիքով միջանցք բացել և Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպես նաև ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրություն։

Խաչատրյանը նաև ընդգծել է Հայաստանում ապաստանած արցախահայերի համար ԱՄՆ օգնության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը՝ խրախուսելու միջազգային երաշխիքների վերաբերյալ երկխոսությունը Արցախի կառավարության հետ, ինչը հնարավոր կդարձնի արցախցիների խաղաղ վերադարձը։

Խաչատրյանը ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ հարձակման հետևանքով հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական  ձերբակալությանը։

Սենատոր Գարի Փեթերսի հետ հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ «Հայկական պաշտպանության ակտի» ներկայացման և Սենատի կողմից դրա միաձայն ընդունման առթիվ, որի նպատակն էր արգելափակել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ զրկելով նախագահ Բայդենին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածից հրաժարվելու նախագահական լիազորությունից՝ 2024 և 2025 ֆինանսական տարիների համար։

www.24news.am