«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմադիր դաշտում ևս լուրջ պրոցեսներ են ընթանում․ «Փաստ»

24/04/2021

«Փաստ» օրաթերթը գրում է
Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները նոր ներքաղաքական գործընթացների մասին են վկայում։ Հարցն այն է, որ պատերազմից հետո Սյունիքի բազմաթիվ համայնքներ սահմանամերձ են դարձել, սակայն այնտեղ առկա խնդիրները հասկանալու, հետևողական հանգուցալուծելու և անվտանգության ապահովման համապատասխան երաշխիքներ տրամադրելու փոխարեն, լուծում պահանջող հարցերն անտեսվեցին, ինչը հուզումների առաջացման պատճառ է դարձել։ Ու ինչքան էլ Փաշինյանը փորձի արդարանալ ու մեդադրել ընդդիմությանը, թե Սյունիքի համայնքներ կատարած այցի ժամանակ իր դեմ ուղղված ակցիաներն ուղղորդված են եղել, միևնույնն է, ակնհայտ է, որ դժգոհության կուտակումը դարձել է ներքաղաքական կյանքի անբաժանելի մասը։ Ու աչք է ծակում այն հանգամանքը, որ նման դժգոհությունների աշխարհագրությունը միայն Սյունիքով չի սահմանափակվում։
Հանրապետության մյուս շրջաններում ևս իշխանությունները կորցրել են իրենց վարկանիշի ու վստահության վերջին փշուրները։ Հասարակության շրջանում տիրապետող է դարձել ընդհանուր բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, որին գումարվում են նաև տնտեսական դժվարություններն ու սոցիալական վիճակի ծանրացումը, ներքաղաքական անորոշությունն ու արտաքին մարտահրավերները։ Եվ որքան էլ իշխանությունները փորձեն սոցհարցումներ պատվիրել՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե իրենք շարունակում են պահպանել ներքաղաքական դաշտի առաջատարի դիրքերը և առաջիկա ընտրություններում ձայների խնդիր չեն ունենալու, սակայն սա ավելի շատ նման է ինքնախաբեության ու հանրության աչքերին թոզ փչելու։ Իրականում գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ներքաղաքական ծանրության նժարն աստիճանաբար թեքվում է դեպի ընդդիմության կողմը։
Բայց ընդդիմադիր դաշտում ևս լուրջ խմորումներ են ընթանում։ Ամեն մի կուսակցություն փորձում է իր համար ապահովել առանցքային դիրքավորում։ Եվ հաշվի առնելով, որ հանրության մի ստվար հատված դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը, նրանց վստահությանն արժանանալու ուղղությամբ փորձում են աշխատել նաև նոր ստեղծվող քաղաքական ուժերը։ Գրեթե ամեն օր նոր կուսակցություն է ստեղծվում: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում առնվազն ևս երկու նոր քաղաքական ուժեր կհայտարարեն իրենց ծննդյան մասին։ Այնուամենայնիվ, որքան էլ բազմազան ու խայտաբղետ տեսք ունենա ընդդիմադիր շերտը, հիմնական ուժերը շարունակում են ակտիվորեն գործել, դոմինանտ լինել, և նրանց ներկայությունը ներքաղաքական կյանքին կշիռ է հաղորդում։ Այստեղ, սակայն, առանձին պետք է անդրադառնալ ՀՀԿ-ին, որի գործունեությունը անկախությունից ի վեր անբաժան է եղել ներքաղաքական զարգացումներից։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, թե ընդդիմադիր դաշտը՝ որպես մի ամբողջություն, առանց Հանրապետականի կարող է կիսատ տեսք ունենալ։
Հաշվի առնենք, որ այս երեք տարվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական դերակատարների շարքում Հանրապետականի ձայնը միշտ հնչել է ամենատարբեր ու մտահոգիչ քաղաքական գործընթացների հետ կապված: Սակայն ուշագրավ է, որ այս կուսակցությունը դեռևս հստակ չի ձևակերպել իր վերջնական դիրքորոշումը ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ։ Եթե, իհարկե, դրանք տեղի ունենան: Իհարկե, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք, այսպես ասած, 1-ին համարի չեն հավակնում, ավելին, ինքն անձամբ որևէ պետական պաշտոնի չի հավակնելու, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ ՀՀԿ-ն շարունակելու է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել ներքաղաքական զարգացումներում։
Այս առումով պահպանվում է հետաքրքրությունն այն հարցի շուրջ, թե ինչ ուղղությամբ է լինելու ՀՀԿ-ի ակտիվությունը, քանի որ շատ հարցերում այս կուսակցության կողմնորոշումը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ Հանրապետականը գաղափարական արմատներ ունի, ինչը կարևորագույն խնդիր է, այլև այն, որ այս կուսակցության ներկայացուցիչները մեծ փորձ, արտաքին կապեր և լուրջ ինտելեկտուալ պոտենցիալ են կուտակել՝ այնպիսի կարողություններ, որոնց կարիքն այսօր պետությունն ու քաղաքական դաշտը շատ ունեն։