«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչությունն աշխատանքներն իրականացնում է համալրված կազմով

17/12/2020

ՀՀ գլխավոր դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման լիազորություններ: Սեպտեմբերի 3-ից դատախազությունում գործում է պատասխանատու ստորաբաժանում, որն իր աշխատանքներն իրականացնում է ամբողջական կազմով:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության համալրումն իրականացվել է երկու փուլով: Պետք է ընդգծեմ, որ վարչության բոլոր դատախազներն ընտրվել են բաց մրցույթի արդյունքում, և դատախազների թեկնածուներին ընտրելիս հաշվի են առնվել նաև բարեվարքության թերթիկի պահանջները: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մանրամասն ստուգման է ենթարկել անձանց գույքի եկամուտները, ինչպես նաև համապատասխան գնահատագրերի հիման վրա անձանց անձնական որակները»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում՝ 2020 թ. սեպտեմբերի 3-ին, նշանակվել է 5 դատախազ, այնուհետև պայմանավորված այն հանգամանքով, որ առկա են եղել թափուր հաստիքներ և աշխատանքային գերծանրաբեռնվածություն՝ այս տարվա դեկտեմբերի 2-ին նշանակվել են ևս 3-ը:

«Աշխատանքներին ներգրավված են նաև ֆինանսիստներ»,- տեղեկացրեց նա: Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո նրանց ընտրության համար ևս անցկացվել է բաց մրցույթ, հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ, որոնց հետ արդեն կնքվել են աշխատանքային պայմանագրեր:

«2020 թ. օգոստոսին գլխավոր դատախազը հանձնարարություն էր տվել, որի համաձայն մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող էր լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: Առանձնացված բոլոր գործերի վերաբերյալ նյութերը սահմանված ժամկետում ուղարկվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2020 թ. սեպտեմբերի 3-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում վարչությունում արդեն իսկ սկսվել է 215 ուսումնասիրություն: Այսինքն՝ ներկայացված զեկուցագրերից միայն 215-ով է սկսվել և ներկայումս կատարվում ուսումնասիրություն»,- տեղեկացրեց Սիրո Ամիրխանյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչու յուրաքանչյուր գործի քննության համար սահմանվել է առավելագույնը երկու տարի, Ամիրխանյանն ասաց՝ օրենսդիրն այդ ժամկետն է համարել ողջամիտ՝ մտածելով, որ կարելի է երկու տարվա ընթացքում ապացուցողական ամբողջական բազան ստեղծել: Նա տեղեկացրեց, որ օրենքը նաև որոշակի բացառություն է նախատեսում: Ամիրխանյանի խոսքով՝ եթե հնարավոր չէ համապատասխան գործով հայց ներկայացնել, քանի որ դեռ չի ստացվել միջազգային հարցման պատասխանը, երկու տարվա ժամկետը կարող է երկարացվել առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Կարծում եմ՝ որոշակի գործերով նաև անհրաժեշտություն կլինի ստանալ միջազգային հարցման պատասխանները և չի բացառվում նաև, որ որոշակի գործերով ուսումնասիրության ժամկետը ձգվի ընդհուպ մինչև 3 տարի: Չնայած վարչությունը իր կողմից հնարավոր ու անհնար ամեն ինչ կանի, որ նման խնդրի առաջ չկանգնենք»,- նշեց Ամիրխանյանը: 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը կարևորեց, որ բարեվարքության առաջին գործնական կիրառությունը եղել է դատախազների ընտրության ժամանակ, երբ հարցաթերթիկների միջոցով համապատասխան հանձնաժողովը կարծիք է կազմել թեկնածուների մասնագիտական և անձնական որակների մասին:

«Համապատասխան հանձնաժողովը ոչ միայն սահմանափակվել է անձանց ներկայացրած գույքային տվյալներով, այլ նաև ինքնուրույն միջոցներ է ձեռնարկել անձանց շրջապատում՝ նրանց վերաբերյալ կարծիքները հավաքելու և անձի վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու: Կարծում եմ՝ գնահատվել են նախևառաջ անձի մասնագիտական որակները, անձնական անկողմնակալության հատկանիշները»,- ասաց Ամիրխանյանը:

Գործերի քննության համար հաջորդ տարվա ընթացքում պետք է ստեղծվեն մասնագիտացված դատարաններ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի խոսքով՝ մինչ այդ վարչությունը հայցադիմումները կարող է ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան: 1Lurer.am