«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

12 հազար 600 անձ անցնում է ռազմական դրության ժամանակ զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գործերով. Փաշինյան

27/06/2023

44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, նաև այլ հանցագործությունների դեպքերով կան քրեական բազմաթիվ վարույթներ, որոնցով անցնում է 12 հազար 600 անձ:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

Վարչապետը ներկայացրեց իրավապահներից ստացված տեղեկատվությունը:

«44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև  այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներ վերաբերվում են ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար 600 անձի: Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և այլ դեպքերի»,-ներկայացրեց վարչապետը:

Թե նրանցից որքան մարդ դատարանի կողմից մեղավոր կճանաչվի, որքան մարդ՝ անմեղ, ում նկատմամբ քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումը կդադարեցվի, ում նկատմամբ գործը մեղադրական եզրակացությամբ կգնա դատարան, Փաշինյանը չի կարող պատասխանել: