«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը. պատճառը Porsche Cayenne-ի՝ վթարային իրավիճակ ստեղծելն է եղել

17/06/2021

Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ  Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի  ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների  հերթասպահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով,  որ իրեն լավ է զգում: Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանութան  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը  եղել է Porsche Cayenne մակնիշի  ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ  ստեղծելը:  Porsche Cayenne –ի  վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: BMW-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: