Երկուշաբթի, Նոյեմբերի 30, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  Ռուսաստանն ու Իրանը պատերազմին մասնակցելու լեգիտիմ առիթ են փնտրում. Նման առիթ կարող են լինել տեռորիստները. քաղաքագետ

Նկար

Ռուսաստանն ու Իրանը պատերազմին մասնակցելու լեգիտիմ առիթ են փնտրում. Նման առիթ կարող են լինել տեռորիստները. քաղաքագետ

20/10/2020 91

Արցախի համար պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնական կռվախնձորը Ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախը: Սա շատ կարեւոր է հասկանալ։

Թուրքիան արդեն ուղղակիորեն է մասնակցում պատերազմին, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն պատերազմական գործողություններին արդեն իրատեսական է դառնում, նրանց խնդիրն արդեն դրա համար լեգիտիմ առիթի փնտրտուքն է: Նման առիթ կարող է լինել Սիրիայից եկած տեռորիստները։

Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ջեվանին հայտարարել է, որ «Ղարաբաղը շիիթների հողն է եւ Հայաստանը պետք է անհապաղ հեռանա ադրբեջանական օկուպացված տարածքներից»։

Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է շատերին վհատության մեջ գցել, սակայն ասվածը ճիշտ ընթերցելու դեպքում լրիվ այլ իրականություն է բացվում։

Նախ, անհասկանալի է, թե այդ «օկուպացված» տարածքների տակ արդյոք Արցախն են հասկանում, թե մնացած տարածքները (հայտարարությունն երկիմաստ է), սակայն դա չէ ասվածի գլխավոր միտքը։

Գլխավոր միտքն այն է, որ «Ղարաբաղի» տակ իրականում պետք է հասկանալ Ադրբեջանն, այսինքն Ադրբեջանը շիիթների՝ Իրանի տարածքն է, այլ ոչ թե սունիների, այսինքն՝ Թուրքիայի ու դա հայտարարում է Պահապանների կորպուսի գեներալը։

Իրանից եկող հայտարարություններում շարունակաբար շեշտվում է «տեռորիստներ» դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սա շատ կարեւոր է ըմբռնել, դա է «բանալի» բառը։ Մյուս «բանալի» բառը «շիիթների հողն» է, որով Իրանն Ադրբեջանի տարածքի համար իր իրավունքներն մասին է հայտարարում ու թշնամին, բնականաբար, մենք չենք, այլ՝ Թուրքիան։

Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը ու նորից եմ կրկնում, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում, սկսվել է պայքար Ադրբեջանի համար ու պատահական չի, որ հիմնական ռազմական գործողություներն Իրանի սահմանում են ընթանում։

Ալիեւը երկու մեծագույն սխալ է թույլ տվել՝ Թուրքիային է ներքաշել տարածաշրջան ու պատերազմին սունի իսլամիստներ է ներգրավվել։ Այդ սխալներն Ադրբեջանի համար կարող են ճակատագրական լինել, որոնք արդեն ուղղել չի ստացվի։

Սա մեզ համար հնարավորություն է բացում ճիշտ դիվանագիտական աշխատանք տանելու համար՝ ճիշտ բանակցողներով հանդերձ, որոնք լինեն ընդունելի ու վստահելի «պարտնյորների» համար։

Հ․Գ․ Նյարդերից թույլերին խնդրում եմ իմ գրածը չմեկնաբանել, հատկապես Հայաստանի հեղափոխության պահապաններին։ Կատարվում է այն, ինչն որ կանխատեսվում էր ու բազմիցս է ասվել։ Աշխարքաղաքական թնջուկն, որի կիզակետում ենք գտնվում, ոչ միայն վտանգներ է մեզ համար պարունակում, այլեւ՝ հնարավորություններ։

Մեծ տարածաշրջանում գլոբալ աշխարքաղաքական փոփոխություններ են սկսվել ու շատ կարեւոր է ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ քայլեր անել։

Դիմանալ է պետք, Հաղթելու ենք»: