«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, ես դա կասեմ կրկին ու կրկին՝ առանց վարանելու. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար

04/10/2022

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, երկրի խորհրդարանում պատասխանելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների սպանության հետ կապված հարցին, հայտարարել է, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ՝ հանցագործները պետք է բացահայտվեն և պատժվեն։

«Տիկի՛ն կոնգրեսական, ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը եւ կիսում եմ այն, ինչպես բոլորն այս պալատում՝ լինեն նրանք ազգային ներկայացուցիչներ, թե կառավարության անդամներ: Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիություն չի կարող լինել։

Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ։ Ես կասեմ դա կրկին՝ առանց վարանելու: Այդ նպատակով էլ Ֆրանսիան կոչ է արել անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ այդ գործողությունների մեղավորներին բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Եվ այստեղ նույնպես ցանկանում եմ հստակեցնել, որ Ֆրանսիան կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, մինչ օրս անազատության մեջ գտնվողներին։ Եվ այսօր ես կրկին այդ կոչն եմ անում»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան չափազանց լուրջ են։

«Հանրապետության նախագահն անմիջապես կապվել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հեռանալ ՀՀ տարածքից: Ես արել եմ նույնը. մենք նաեւ միացել ենք Անվտանգության խորհրդին, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին եւ 16-ին»,- նշել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, բացահայտեցին Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային օրբիտրի հավակնությունների անկարողությունը։

«Ֆրանսիան կշարունակի գործել հանուն այս ճգնաժամի խաղաղ եւ բանակցությունների ճանապարհով կարգավորման, այդ թվում՝ ԵԱՀԿ առաքելության միջոցով, ինչի վրա այս պահին կենտրոնացնում ենք մեր ջանքերը է։ Ընդամենը մի քանի օր առաջ այս հարցերով ես զրուցեցի ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատարի՝ իմ լեհ գործընկերոջ հետ», - նշել է նա: