«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հազարավոր մարդիկ խնդրում են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին թողնել տիեզերքում

23/06/2021

Ավելի քան 56000 մարդ երկու խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին թույլ չտալ տիեզերք թռչելուց հետո վերադառնալ Երկիր, հայտնում է Insider-ը:
Հրատարակությունը նշել է, որ հունիսի 7-ին Blue Origin տիեզերական ընկերության հիմնադիրը հայտարարել էր, որ հուլիսի 20-ին New Shepard տիեզերանավով 11-րոպեանոց թռիչք է կատարելու տիեզերք: Բեզոսի հետ կլինեն իր եղբայրը և առցանց աճուրդի հաղթողը, որը տիեզերք թռիչքի տոմսը գնել է 28 միլիոն դոլարով:
Թռիչքի մասին տեղեկության տարածումից հետո Change.org կայքում հայտնվել է երկու միջնորդություն, որոնցով պահանջվում է թույլ չտալ միլիարդատիրոջը վերադառնալ Երկիր մոլորակ: «Թույլ մի՛ տվեք, որ Ջեֆ Բեզոսը վերադառնա երկիր» խորագրով ստորագրահավաքը հավաքել է ավելի քան 37000 ստորագրություն: Միջնորդագրում նշված է, որ «միլիարդատերեր չպետք է լինեն ... ոչ Երկրի վրա, ոչ էլ տիեզերքում, բայց եթե նրանք որոշեն տիեզերք գնալ, պետք է մնան այնտեղ»: Ստորագրողները համոզված են, որ «Երկրին պետք չեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ջեֆը, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը և այլ նման միլիարդատերեր»:
Ջեֆ Բեզոսի վերադարձի դեմ մյուս խնդրագիրը ստորագրել է 19000 մարդ, և այդ թիվն ավելանում է, նշում է Insider-ը: Միջնորդագրի հեղինակ Խոսե Օրտիսը, նկարագրության մեջ նշել է, որ միլիարդատերը «չար տիրակալ է, որի նպատակը աշխարհին տիրելն է»: «Մարդկության ճակատագիրը ձեր ձեռքերում է»,- շեշտել է Օրտիսը: