«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեսկովը ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունները «երկու երկրների ժողովուրդների հաղթանակ» է որակել

10/11/2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագիրը «երկու երկրների ժողովուրդների հաղթանակ» է անվանել, գրում է tvrain.ru կայքը: 

«Սա երկու երկրների ժողովուրդների հաղթանակ է, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ դադարեցվել է պատերազմը: Որպես երաշխիք, այնտեղ են մտնում ռուս խաղաղապահներ: Այլ շնորհավորանքներն ընդունելի են քաղաքագետների համար, սակայն անհրաժեշտ է հիմնվել նրա վրա, որ արյունահեղություն է դադարեցվել»,-նշել է նա: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: