«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տղամարդը օղու շշով հարվածել, մարմնական վնասվածքներ է հասցրել սիրուհու որդուն

22/01/2022

Մկրտիչ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել իր հետ արտամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ որդիներից մեկին մարմնական վնասվածք հասցնելու համար:

Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Մկրտիչ Դ.-ն արտամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի՝ Է. Ղ.-ի հետ: Նա 2021 թվականի հունվարի 4-ին հեռախոսազանգ է ունեցել վերջինիս հետ՝ միմյանց հանդիպելու նպատակով, սակայն Է. Ղ.-ն մերժել է: Կինը հեռախոսը փոխանցել է ավագ որդուն, վերջինս հեռախոսազրույցի ընթացքում Մկրտիչ Դ.-ից պահանջել է մորն այլևս չանհանգստացնել ու այդ առիթով վիճաբանել են միմյանց հետ ու պայմանավորվել, որպեսզի հանդիպեն ու պարզաբանումներ կատարեն նշված հարցի շուրջ:

Նույն օրը Մկրտիչ Դ.-ն պատահաբար հանդիպել է Է. Ղ.-ի կրտսեր որդուն և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավագ եղբոր հետ ունեցած հեռախոսազրույցի առիթով սկսել է վիճաբանել է նրա հետ, այնուհետև պահանջել է, որպեսզի իր ձեռքից վերցնի ու պահի խմած օղու կիսադատարկ շիշը, սակայն Է. Ղ.-ի կրտսեր որդին մերժել է, որի ընթացքում Մկրտիչ Դ.-ն ձեռքին եղած օղու շշով մեկ անգամ հարվածել է տղայի գլխին,  պատճառել է ձախ վերհոնքային, ձախ ճակատ-քունքային և ձախ այտոսկրի ստորին կոպին անցումով սալջարդ վերքերի, նույն շրջանի արյունազեղման, ձախ աչքի կոնյունկտիվիտի (աչքի լորձաթաղանթի բորբոքման) ձևերով առողջության կարճատև քայքայումով առողջությանը թեթև վնաս:

Մկրտիչ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քօրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նա սիրուհու որդիներից մեկին մարմնական վնասվածքներ էր հասցրել:

Գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին:

Քրեական գործի վարույթը կարճվել է ամբողջությամբ, քանի որ Է. Ղ.-ի կրտսեր որդին և Մկրտիչ Դ.-ն հաշտվել են:

Մկրտիչ Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է: