«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու. քաղաքագետը կանխատեսումներ է անում

02/08/2021

8-րդ գումարման ԱԺ–ի երկու ընդդիմադիր ուժերը, ի տարբերություն նախորդ խորհրդարանի ընդդիմության, առավել ծայրահեղ ու անհաշտ քաղաքականություն են որդեգրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Չկա մի ոլորտ, որ մենք կարող ենք ասել` երկու ընդդիմադիր ուժերը կարող են ինչ-որ մի տեղ կառուցողական լինել։ Նրանք մերժելու են ամեն ինչ»,- ասաց նա։

Քեռյանի խոսքով` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ընդդիմադիր են թե՛ ՔՊ-ի իշխանությանը, թե՛ նրանց ստեղծած քաղաքական վարչակարգին, թե՛ նրանց ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կողմնորոշումներին և դիրքորոշումներին։

Իսկ ընդդիմության առաջնորդների բացահայտ հայտարարություններն այն մասին, որ շարունակելու են խորացնել քաղաքական ճգնաժամն այնքան ժամանակ, մինչև հասնեն իշխանափոխության, ևս փաստում են, որ խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու։

«Բավականին բարդ է լինելու 3 քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը, և քննարկումները լինելու են անհաշտ, մերժողական և բախումնային։ Այս ամենը կարող է ազդել ԱԺ որոշումների ընդունման գործընթացի վրա, որն էլ իր հերթին կազդի ԱԺ ընթացքի արդյունավետության վրա»,-նշեց Քեռյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստը բավական լարված մթնոլորտում էր անցնում, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց 2 պատգամավորներին (Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին)։