«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շիրակի մարզի Լեռնակերտում հնագետները վաղ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղի ու դամբարանադաշտ են պեղում

24/06/2021

Երրորդ տարին է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի հնավայրում: Այստեղ հնագիտական հուշարձանի համալիր է, որը ներառում է վաղ բրոնզեդարյան բնակավայր, միջին բրոնզի ժամանակաշրջանից ուշ բրոնզի անցման շրջանին վերաբերող դամբարանախմբեր և ուշ բրոնզե դարին թվագրվող բնակատեղի ու դամբարանադաշտ: Երիտասարդ հնագետներով համալրված արշավախումբն այս տարի ֆինանսավորում է ստացել գիտության պետական կոմիտեից ու Լեռնակերտում հետազոտում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջերի սոցիալ-ժողովրդագրական խնդիրները:

Լեռնակերտի հնագիտական հուշարձանը կազմված է, խորհրդանշական անուն ստացած, վերին ու վարի բերդերից, դամբարանադաշտից ու մեգալիթյան այլ կառույցներից: Տրամաբանորեն ամրոց-բնակատեղին ունեցել է իր դամբարանադաշտը: Հնագետներն այս տարվա պեղումների առաջին փուլում հենց դրանք են պեղում: Ուսումնասիրում են, թե կողք-կողքի գտնվող դամբարաններում թաղված մարդիկ արդյոք ազգակցական կապեր ունեցել են:

Դրա համար դամբարաններից հայտնաբերված մարդաբանական նյութը ԴՆԹ հետազոտության են ենթարկելու: Թաղումները Լեռնակերտում հետաքրքիր ծեսով են արված, որոնք, ըստ հնագետի, տարբերվում են Շիրակի մարզի նույն թվագրության դամբարաններում հայտնաբերված թաղումներից:

«Ուշ բրոնզե դարում մեզ հայտնի էր, որ Շիրակում, մեր գիտեցած հնավայրերում, հիմնական թաղման ձևը դիադրումն է, բայց Լեռնակերտում արդեն 16 դամբարան ենք պեղել և տվյալները ցույց են տալիս, որ այստեղ այդ ժամանակաշրջանում թաղման եղանակը  վերաթաղումն է եղել: Սա ենթադրում է աճյունների որոշակի մնացորդների թաղում որոշակի գործողություններից հետո: Մենք այստեղ տեսնում ենք աճյունի անատոմիական լրակազմի խախտումով թաղումներ,որտեղ առկա է միայն գանգը, վերին կամ ստորին վերջույթներից հատվածներ: Սա խոսում է տարածաշրջանային առանձնահատկությունների  մասին, որը եղել է ուշ բրոնզի և երկաթի դարում»,-SHANTNEWS-ին ասել է հնագիտական արշավախմբի  ղեկավար Բեն Վարդանյանը:

Դամբարաններում հայտնաբերված ուղեկցող նյութերը նաև պատկերացում են տալիս տեղաբնակների կենսամակարդակի մասին: Հնագետների եզրակացությունն այսպիսին է, որ Լեռնակերտում ապրել են ոչ հարուստ մարդիկ, որոնց ունեցվածքը չափվել է ապակու փոշուց պատրաստված մի քանի ուլունքներով ու բրոնզե զարդերով:

Դասակարգային տարբերությունների մասին են վկայում նաև դամբարանների չափսերը:

«Բացված դամբարաններից ամենամեծը ճարտարապետական տեսանկյունից շատ հետաքրքիր է: Հիմնահողային թաղում է և առանձնանում է այս լանդշաֆտի մեջ մնացած դամբարաններից: Ավելի բրգաձև է, սպիրալաձև ու ավելի մեծ է, քան մյուս դամբարանները: Ենթադրվում է, որ նման մեծ կառույցներում ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ են թաղվել: Դամբարաններում հայտնաբերել ենք երեք կավանոթ, բրոնզե ականջօղ և պաստայից պատրաստված ուլունքներ»,- SHANTNEWS-ին ասել է հնագետ Մարիամ Սարիբեկյանը:

Լեռնակերտի ուշ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղիում նաև զբաղմունքը նույնն է եղել, ինչ հիմա է՝ անասնապահություն: Ընդհանրապես տեղանքի նշանակությունն ու օգտագործումը հազարամյակների ընթացքում, ըստ հնագետների, չի փոխվել:

«Ունենք տարածքի յուրացման շատ հետաքրքիր օրինակներ ճանապարհների տեսքով , ջրաբաշխիչ համակարգերի օրինակներ, որոնք 2-3-րդ հազարամյակներից հավանաբար կիրառվել են և ամենահետաքրքիրն այն է, որ նույն տարածքով, որտեղով ժամանակին անցել է բրոնզե դարում սելավատարը հիմա անցնում է գյուղի խմելու ջուր մատակարարող խողովակաշարը: Այսինքն, դա վկայում է կյանքի շարունակականության և լանդշաֆտի նույնատիպ օգտագործման մասին»,- ասել է Բեն Վարդանյանը:

Այս տարվա պեղումներով հնագետները անցումային ժամանակաշրջանը բնորոշող արդյունքներ են գրանցել: Մասնավորապես միջին բրոնզից դեպի ուշ բրոնզ և ուշ բրոնզից դեպի երկաթի դարի անցումը փաստող համալիր է հայտնաբերվել: Լեռնակերտը հնագիտական հետազոտությունների անսպառ աղբյուր է: Հնագիտական հուշարձանի մակերեսը, ըստ հնագետների նախնական հաշվարկների, կազմում է 300-400 հեկտար: