«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի գանձերը. Սուրբ Ստեփանոս եկեղեցի

05/11/2020

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հարավարևմտյան մասում՝ ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրության՝ եկեղեցին 1747 թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:  

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան Մայր տաճարի տեղում, որն իր հերթին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Խաչքարերի յուրահատուկ հավաքածու (51 հատ) տեղադրված է եկեղեցու պատերի մեջ: Այստեղ կան ինչպես արխաիկ հավասարաթև խաչեր, այնպես էլ XVIII դարի դասական հորինվածքներ:

Եկեղեցու տարածքը ծածկված է գերեզմանաքարերով, որոնք քարի փորագրության միջնադարյան արվեստի վառ օրինակներ են: Այստեղ պատկերված են շքեղ խնջույքի պատկերներ, հեծյալներ, զինվորներ, երաժիշտներ և որսկաններ. ամենայն հավանականությամբ, թեմատիկորեն կապված հանգուցյալների կյանքի հետ:

#թիկունքըմշակույթ