«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան կաջակցի Բաքվին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում. Չավուշօղլու

21/08/2020

Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում, այսօր հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանը խուսափում է հակամարտության կարգավորումից և սրում է իրավիճակը՝ խաղաղ բանակցություններին խոչընդոտելու համար», - հայտարարել է Չավուշօղլուն։

Բայրամովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այս հարցում ցուցաբերած աջակցության համար։

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր է ժամանել Անկարա, սա նրա առաջին պաշտոնական այցն է՝ անցած ամիս արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ջեյհուն Բայրամովից բացի Անկարա է ժամանել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զաքիր Հասանովը հանդիպել է թուրք գործընկերոջ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ պաշտոնական Երևանը քննադատել էր Թուրքիային՝ հակամարտությունը սրելու համար, Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանն էլ հորդորել էր զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի թեժացնել իրավիճակը։