«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից. Ռուբեն Մելիքյան

08/10/2020

Փորձելով նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը՝ բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է

«Կոչ համերաշխության

Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։

Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս)«հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսեւորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում ու տեղեկատվական սադրանքներ է կատարում։ Ես հայտարարեցի, որ Ոստիկանությունն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, քանի որ այն քաղաքական գրաքննության դրսեւորում է, իսկ ոստիկանությունը պարտավոր է չզբաղվել քաղաքականությամբ։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով իրադրությունը, ինքս խնդրեցի վստահորդիս սոցցանցերում լինել է՛լ ավելի զուսպ՝ ելնելով ազգային միասնականությունը պահպանելու հրամայականից։ Ի դեպ, ոստիկանությունն ինձ հավատացրեց, որ այսպիսի «զրույցներ» վարում են «երկու կողմերի հետ», ուստի պետք չէ այն ընկալել որպես քաղաքական։

Նշվածի հիման վրա, փորձելով հեռու պահել ոստիկանությանը ապօրինություններից եւ նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը, բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից։ Ընդ որում, իմ անձնական տպավորությամբ, մինչեւ երեկ այս առումով ամեն ինչ լավ էր, եւ խնդիրները սկսեցին վարչապետի եւ իր տիկնոջ, իմ կարծիքով, խիստ անտեղի գրառումներով ինչ-որ դավաճանների մասին»։