«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանում գնացքների բախումն ամբողջ երկրում բողոքի ցույցերի առիթ է հանդիսացել

04/03/2023

Փրկարարները շարունակում են աշխատանքը Հունաստանում գնացքների բախման վայրում։ Ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախում էր տեղի ունեցել հունական Լարիսա քաղաքից ոչ հեռու, տեղեկացրել է Reuters-ը։

Երեքշաբթի տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 57 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Աղետը ցասման ու բողոքի ալիք է առաջացրել ամբողջ երկրում, բարձրացել է նաեւ ուշադրությունը երկաթուղային համակարգի անվտանգության չափորոշիչների հանդեպ։

Լարիսայի կայարանի պետն, աղետի հետ կապված, ձերբակալվել է։ Կառավարությունը վթարը կապել է մարդկային գործոնի հետ, բայց երկաթուղայինների արհմիությունները հավաստիացնում են, որ այն անխուսափելի էր անվտանգության համակարգերի անկատարության եւ անձնակազմի անբավարարության պատճառով։

Շաբաթ օրը կայարանի պետը պատասխանելու է դատախազի՝ տրանսպորտի աշխատանքի խափանման եւ մարդկանց կյանքի համար սպառնալիք ստեղծելու վերաբերյալ մեղադրանքներին։

Աթենքից հյուսիսային Սալոնիկ քաղաք ուղեւորվող գնացքը լի էր ուսանողներով, որոնք վերադառնում էին երկարատեւ տոնական օրերից հետո։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ներկա պահին ճանաչվել է 56 մարդուց 54-ի մարմինը, որոնց հարազատներն անհետ կորած էին հայտարարել։ Նրանք գրեթե բոլորը ճանաչվել են ԴՆԹ թեստերով։ 57-րդ մարմինը չի ճանաչվել, քանի որ ոչ ոք ԴՆԹ-ի անալիզի չի ներկայացել։

Զոհվածների ընտանիքները խոստացել են հասնել արդարության։

Երկաթուղայինների արհմիությունը չորեքշաբթի օրվանից շուրջօրյա գործադուլ է անում։ Ուրբաթ գործողությունը երկարացվել է 48 ժամով՝ կառավարությունից պահանջելով անվտանգության միջոցների ներդրման հստակ ժամանակացույց։

Ուրբաթ օրը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ՝ այն բանից հետո, երբ 2 000 ուսանողներ քայլերթով անցել էին Աթենքով՝ փակելով խորհրդարան տանող ճանապարհը մեկ րոպե լռությամբ։ Ուսանողները ցույցեր են անցկացրել նաեւ Լարիսայում եւ Սալոնիկում։

Մարտի 1-ին բեռնատար եւ ուղեւորատար գնացքները բախվել էին Լարիսա քաղաքից ոչ հեռու, Տեմպի քաղաքում։ Բախման հետեւանքով հրդեհ էր բռնկվել, երեք վագոն դուրս էր եկել ռելսերից։