«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում HDP-ի դեմ բացված դատական գործի առթիվ

19/03/2021

Գերմանիայի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման պահանջով հարուցված դատական գործի առթիվ։

Գերմանիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ ԺԴԿ-ի դեմ բացված դատական գործը համաչափության առումով լուրջ կասկածներ է հարուցում։ Հայտարարության մեջ նաև մտահոգություն կա ԺԴԿ-ական պատգամավորների դեմ վարվող քաղաքականության կապակցությամբ։ նշվում է, որ այդ կերպ վտանգվում է օրենքի գերակայությունը։

Գերմանիայի ԱԳՆ-ն նաև դատապարտել է ԺԴԿ-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի՝ պատգամավորական մանդատից զրկումը և ԺԴԿ-ի մի շարք անդամների և պատգամավորների դեմ քրեական վարույթների հարուցումը։ Ընդգծվել է, որ այդ քայլերը Թուրքիայում իրավական պետության սկզբունքների վերաբերյալ առանց այդ էլ առկա հարցականների կողքին նորերն են ավելացնում։

Հայտարարության մեջ կոչ է արվում հստակ տարանջատում մտցնել ԺԴԿ կուսակցության և ԵՄ ահաբեկչական խմբավորումների ցանկում տեղ գտած «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) միջև։ Շեշտվում է նաև, որ որևէ քաղաքական կուսակցության գործունեության դադարեցումը ժողովրդավարական երկրում պետք է ամենավերջին քայլը լինի։ 

«Դաշնային կառավարությունը ակնկալում է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամության թեկնածու երկիր, կկատարի իր ստանձնած պարտավորությունը՝ ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համապատասխանելու առումով», - ասված է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ կհետևի խնդրի հետագա զարգացումներին։

Աղբյուր`    Sputnik Türkiye

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button