«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էփշտեյնի նախկին ընկերուհին մեղավոր է ճանաչվել անչափահասների սեռական շահագործման մեջ

30/12/2021

Նյու Յորքի Հարավային օկրուգի դատարանի ատենակալները ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նախկին ընկերուհի Գիլեյն Մաքսվելին մեղավոր են ճանաչել անչափահասների սեռական շահագործման մեջ, տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։

Ատենակալները ներկայացրել են մեղադրական եզրակացություն մեղադրանքի վեց կետից հինգի վերաբերյալ։ Մաքսվելը մեղավոր է ճանաչվել երկու առավել ծանր հանցագործությունների՝ անչափահասների սեռական ծառայությունների առեւտրի եւ 1994-2004թթ. ընթացքում անչափահասներին սեռական շահագործման նպատակով տեղափոխելու համար։ Նա նաեւ մեղադրանքի երեք կետերով մեղավոր է ճանաչվել գործարքի մեջ մտնելու համար։
60-ամյա Մաքսվելին սպառնում է մինչեւ 65 տարվա ազատազրկում։ Մեծ Բրիտանիայի հպատակը մեդիամագնատ Ռոբերտ Մաքսվելի դուստրն է, որին պատկանում էր աշխարհի հնագույն հրատարակչություններից մեկը՝ Macmillan-ը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր դատախազությունը, բրիտանուհին սերտ հարաբերություններ ուներ Էփշտեյնի հետ։ Իշխանությունների հավաստիացմամբ՝ Մաքսվելը գտնում էր սիրեկանի ապագա զոհերին, նրանց հրահրում սեռական ծառայություններ մատուցել հարկավոր մարդկանց եւ այնպես էր կազմակերպում, որ աղջիկները ոստիկանություն չդիմեն։

Ֆինանսիստը կալանավորվել էր Նյու Յորքի նահանգի իրավապահ մարմիների կողմից 2019թ. հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր վկայությունների առկայության մասին, որ 2002-2005թթ. նա Նյու Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր տուն տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ էր կազմակերպել, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր։ Էփշտեյնի ընկերների մեջ կային ոչ միայն ԱՄՆ, այլեւ շատ այլ երկրների բազմաթիվ գործող եւ պաշտոնաթող պաշտոնատար անձինք, ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ եւ շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվեց, ինչպես պարզել էր քննությունը, բանտախցում 2019թ. օգոստոսի 10-ին նրա ինքնասպանությունից հետո։