«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փախեփախը. սայլերի մեջ մարմիններ էին՝ արյունլվա, անշնչացած...

04/05/2021

Թուրքերն իրենց  ստոր արարքները արդարացնելու հատուկ ոճ են որդեգրել: Իբր պատերազմի հետևանքով են հայերի զոհեր եղել, դա չի եղել կանխամտածված: Սակայն իրականությունը և պատմության վավերագրերը հակառակն են հավաստում: Հայոց Մեծ եղեռը 1915 թվագրելը ճիշտ չէ: Եղեռնի տարեգրությունը ավելի վաղ է սկիզբ առել, այն մերթ կոչվել է Հայոց ջարդեր, մերթ՝ կոտորածներ, մերթ՝ գաղթ, մերթ՝ փախեփախ:                                                                                              

Ներկայացվող նյութը ,,Փախեփախի,, մասին տատիս պատմածն է:

Տատս գյուղի տատմերն էր:Կանացի բժիշկները կամ ծնունդ ընդունող բժիշկները հետո են մուտք գործել:Գյուղում ծնված բոլոր երեխաների տատմերը իմ տատն է եղել:Նա երբ գյուղամեջ էր մտնում, բոլոր կանայք ոտքի էին կանգնում, խոնարհվում՝ ձեռքերը համբուրելով պատվի արժանացնում: 

Տատս սակայն մի ցավ ուներ հոգում: Ինձ միշտ խնդրում էր միասին գնալ իր ծննդավայր, որը մեր գյուղից հեռու էր, սարերի մեջ փռված վճիտ և սառնորակ ջրերով Տաբացխուրի լճի ափին: Գյուղն այդ կոչվում էր Ղզրքիլիսա: Ես այդ լճի մասին աշխարհագրության դասից գիտեի, որ Վրաստանի ամենաբարձր լիճն է, Հայաստանում գտնվող Սևանա լճից փոքր է, սակայն քաղցրահամ ջրով և այնտեղ լողացող Ալաբլախ ձկների համով չի զիջում Սևանի Իշխանին:Որքան էլ տատս ինձ գայթակղեր իրենց գյուղի ձկներից պատրաստվող համադամ կերակուրներով, ես չէի ոգևորվում, շարունակ մտածելով երկար, լեռնային ճանապարհի մասին, հետաձգում էի վերջնական որոշում կայացնելը: Մի օր էլ տատս գրկեց ինձ, փաթաթվեց և լացակումաց ձայնով ասաց. 
 - Բալես, ես քեզ ճանապարհին բան ունեմ պատմելու, էսօր-էգուց կմեռնեմ, հո հետս չեմ տանելու էն աշխարհ, արի էգուց գնանք:                 
Ես անկարող էի այս անգամ տատիս մերժելու, և մենք հաջորդ օրը, առավոտ կանուխ ճանապարհ ընկանք:
Գյուղից հեռացել էինք: Մեր հարևան վրացական գյուղն էլ էինք անցել, տատս լուռ էր, մեկընդմերթ լսվում էին նրա հոգոցները:                       
- Տատ, դե ասա, ի՞նչ էիր ուզում պատմել: 
 - Վրացու էս գյուղն էլ անցնենք, պատմեմ:
 - Վրացու գյուղն ի՞նչ կապ ունի քո պատմելու հետ: 
 - Մեր գլխի գալիքը վրացու գյուղն անցնելուց հետո եղավ: 
Վրացու երկրորդ գյուղն անցնելուց հետո տատս սկսեց՝ 
 - Երկու սայլերով ճանապարհ ընկանք դեպի իմ հերանց գյուղ:Պապդ իմացել էր, որ թուրքերը արդեն եկել են, այ էն սարի հետևի գյուղը տեսնու՞մ ես, թուրքի փաշի գյուղ էին կոչում, այդ գյուղին հիմա Գոգիա կասեն:Թուրքերը վրացիներին ձեռք չէին տալիս, նրանց խելքը-միտքը հային վնաս տալն էր:Մենք դա գիտեինք և ստիպված էինք մեր հետ վերցնել  մեր եղած-չեղածն ու փախչել:Դեկտեմբեր ամիսն էր, սաստիկ այազը /սառնամանիքը/ վրա էր տվել:Եզները դժվար էին առաջ գնում:Առջևից գնում էր մեր սայլը:Ետևից գալիս էր պապիդ ախբոր՝ Ափոյի սայլը:Մեր սայլի մեջ էինք պապդ, ես, մերդ, քեռիդ:Քեռիդ 4 ամսեկան էր
 - Մայրս քանի՞ տարեկան էր , տատ: 
 - Իննը տարեկան:
 - Չէի՞ք մրսում: 

 - Մրսելն էն խոսքը չէր: 
 - Ետևի սայլի մեջ էր պապիդ ախբոր կինը՝ Աննիկը:Նրանք նոր էին ամուսնացել:Աննիկը գյուղի ամենասիրուն աղջիկն էր: 
- Հասանք այս բլրի հետևը, քեռիդ զարթնեց, սկսեց թնկթնկալ, ձեռքերն ազատ արձակեցինք, ձենը կտրեց:Մեկ էլ Աննիկը տեսավ, որ այ էն բլրի ետևից երկու ձիավոր դեպի մեր կողմն են գալիս:   
 - Գալիս էին, թող գային: 
 - Մենք հասկացանք, որ դրանք թուրքեր էին:Մենք սայլով, նրանք ձիով, եզները հազիվ էին քարշ տալիս սայլերը, թուրքերը մեզ կհասնեին շուտով:  

- Բա ի՞նչ արիք,- այդ պահին սիրտս արագ-արագ խփում էր: 
- Պապդ ինձ ասաց՝ երեխեքին առ, արագ-արագ ոտով առաջ գնա, դիմացի բլրի ետևում թաքուն մի տեղ մտեք, մինչև մենք թուրքերի հետ լեզու գտնենք, գանք ձեզի հասնենք: 
 - Պապս թուրքի լեզուն գիտե՞ր:                                                                                                 

 - Շան լեզու էր թուրքի լեզուն, պապդ հույսը դրել էր սայլի մեջ թաքցրած խանչալի վրա: Նրանց միացավ նաև Աննիկը, Աննիկը նոր էր նշանվել չուզեցավ մարդուն թողնել, հեռանալ: 
-Հետո՞, տատիկ:
- Հետո էն, որ մենք՝ ես, մերդ, քեռիդ իջանք սայլից և ոտքով վազելով փախանք դեպի այս բլուրը:   
Մենք մոտենում էինք տատիս ցույց տված բլրին:  
- Մորդ մեջքին կապել էի քեռուդ բարուրը, ես սայլից վերցրել էի մեր ունեցած-չունեցած բաները, վազում էինք առաջ: 
-Թուրքերը ձեր հետևից չեկա՞ն: 
 - Մեկ-մեկ հետ էինք նայում, թուրքերի ձիավորները արդեն մոտեցել էին մերոնց սայլերին, նրանցից մեկը սկզբում գալիս էր դեպի մեր կողմը, հետո հետ դարձավ:Մենք արդեն մոտեցել էինք ահա այս բլրին, տեսնու՞մ ես այն մեծ քուռչը /ժայռը,/, կհասնենք ցույց կտամ:   

Մենք մոտեցանք հսկա մի ժայռի:Ժայռի մեջ տեսանք մի մեծ փոս, ողորկ էր, կարծես հատուկ էին փորել: 
Հետո տատս պատմեց, որ կայծակն էր այդ փոսը բացել: 
 -Մենք տեղավորվեցինք այս փոսի մեջ:Մեր շնչառությունից փոսը տաքացավ:Քեռիդ սկսեց լաց լինել:Նա ձեռքերը դուրս էր հանել բարուրից, սառնամանիքից մատները դեղնել, ցրտահարվել էին: 
- Քեռու մատները դրանի՞ց էր կոլոտ մնացել: 
- Հա, բալես, քեռուդ ձենը չէի կարողանում կտրել, մայրդ էլ իր հերթին էր լացում թուրքերի վախից:                                                                
-Ի՞նչ եղավ, տատ, թուրքերն եկա՞ն: 
-Թուրքերը չեկան, մենք մեր թաքստոցից դուրս չէինք գալիս, սպասում էինք մեր սայլվորներին: 
 - Հետո՞, տատ:  

 -Ես մորդ ու քեռուդ թողեցի այս փոսի մեջ, դուրս եկա, տեսնեմ՝ ինչ եղան սալվորները :Տեսա թուրք ձիավորները գնում են, սայլերը դանդաղ շարժվում էի մեր կողմ: 
 - Սայլերը եկա՞ն: 
- Սայլերն եկան, - տատս լռեց, -սայլերի մեջ պապիդ և ախբեր Ափոյի մարմիններն էին՝ արյունլվա, անշնչացած:
Երկար ժամանակ տատս լռեց, բերանումս դառնահամ էր, արցունքները սեղմում էին կոկորդս: 
 -Բա Աննի՞կը: 
 -Գեղեցկուհի Աննիկին թուրքերը տարել էին՝ իրենց փաշային նվիրելու:   
 - Էլ չտեսա՞ք նրան: 
 - Փախեփախը վերջանալուց հետո, ետ վերադարձանք, Աննիկը գյուղում էր: Խեղճ աղջիկ, այդպես էլ չամուսնացավ ոչ մեկի հետ:                   
-Կարո՞ղ է մեր հարևան Աննիկ մամն է:
Տատս լռեց, ամբողջ ճանապարհին մենք երկուսով լուռ էինք:Նա իր հիշողությունների հետ էր, ես՝ իմ պատկերացումների:
Մնացական Հարությունյան
գրող - հրապարակախոս
Նոյյան տապան