«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է Ուկրաինայի խոցված ինքնաթիռի շուրջ բանակցություններին

09/01/2022

Իրանը պատրաստ է բանակցել բոլոր երկրների հետ, որոնց քաղաքացիները զոհվել են Թեհրանի մերձակայքում խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737 ինքնաթիռում, հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։

Այս մասին ասվում է աղետի երկրորդ տարելիցի նախաշեմին Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Իրանի համապատասխան կառույցները բարձրաձայնել են միջադեպի իրական պատճառը եւ միջոցներ են ձեռնարկել՝ երկրի ներքին օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Համապատասխանաբար, ավիացիայի ոլորտում անկախ տեխնիկական խումբը, որը պատասխանատու է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա 1944թ.) եւ դրա հավելվածների շրջանակներում հետաքննությունների համար, հրապարակել է տեխնիկական հաշվետվություն՝ համագործակցելով համապատասխան երկրների եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ:

Իրանում սկսվել է դատավարություն եւ մի քանի լսումներ են տեղի ունեցել զոհերի հարազատների ներկայությամբ, իսկ նախարարների կաբինետը 2021 թվականի հունվարի 5-ին որոշել է փոխհատուցում վճարել ավիավթարի յուրաքանչյուր զոհի ընտանիքին եւ հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Չնայած մի շարք երկրների անօրինական գործողություններին, որոնք հանուն իրենց քաղաքական նպատակների փորձում են օգտվել այս ողբերգական իրադարձությունից եւ վերապրածների ծանր վիճակից, Իրանը հաստատում է իր պատրաստակամությունը բանակցություններ վարել շահագրգիռ երկրներից որեւէ մեկի հետ՝ համաձայնեցված օրակարգի համապատասխան եւ բարի կամքի, փոխադարձ հարգանքի ու պետությունների ինքնիշխանության, ներքին օրենսդրության եւ կառավարությունների միջազգային պարտավորությունների հիման վրա»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

2020թ․ հունվարի 8-ին դեպի Կիեւ չվերթ կատարող Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ՝ 167 ուղեւոր Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից ու Աֆղանստանից, եւ անձնակազմի ինը անդամները։

Հունվարի 11-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Թեհրանի մոտ կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության հրթիռով։ Զինվորականները ինքնաթիռը շփոթել են թշնամու թիրախի հետ՝ հնարավոր հարձակումներ սպասելով ԱՄՆ-ի կողմից։