«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի դեմ իր պահանջներն է ներկայացրել

19/10/2021

Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Արցախի գրավված տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման համար։ Այսօրվա նիստում նման պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, հաղորդում է Trend գործակալությունը։
Մամեդովը նշել է, որ դատարանը պետք է Հայաստանին պարտավորեցնի «անմիջապես դադարեցնել ադրբեջանցիների կյանքը վտանգելը»։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանում այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, իբր, կապված են Ադրբեջանի նկատմամբ ռասայական ատելություն և բռնություն հրահրելու հետ։
«Հայկական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ադրբեջանցիների դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների ապացույցները պահպանելու համար, հրաժարվի այն գործողություններից, որոնք կարող են բարդացնել երկու երկրների միջև դատավարությունը»,- ասել է Մամեդովը։
Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է Ադրբեջանի դիմումը Հայաստանի դեմ, որով ադրբեջանական կողմը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-15-ին, ՄԱԿ-ի դատարանը քննում էր Հայաստանի պահանջը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։