«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանները չեն կարող փոփոխվել․ Լիտվայի Սեյմի փոխխոսնակ

19/11/2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական և պատշաճ արձագանքը՝ կանխելու ադրբեջանական կողմի հետագա սադրանքները և նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը:

«Լիտվայի Սեյմի փոխխոսնակը հաստատել է լիտվական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը: Անդրիուս Մազուրոնիսը բարձր է գնահատել Հայաստանում հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվության և հայ-լիտվական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ:

«ՀՀ ԱԳ նախարարն ու լիտվացի խորհրդարնականներն ընդգծել են երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը՝ կարևորելով նաև բարեկամական խմբերի դերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ կողմերը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։