«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ ԵՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ. ՀՐԱՊԱՐԱԿ

15/11/2021

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ գործով մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղքերը և այդ պայմաններում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն գործադրելու ռիսկը: 

«Դատախազությունը միջնորդություն էր ստացել պաշտպանության կողմից՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի քննարկման արդյունքում գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել բավարարելու այն, փոփոխելու գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ գրավով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և այդ պայմաններում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն գործադրելու ռիսկը»,-նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել էր ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել էր մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել էր։ Դրանից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չէր փոփոխվել՝ անկախ պաշտպանական կողմի միջնորդություններից եւ բողոքներից։

Նույն մեղադրանքով կալանավորված էր նաեւ Արմավիրի  մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանը։

ՀԳ Հիշեցնենք նաև, որ Խլղաթյանի դեպքում կա նաև փողի առկայություն՝ ընտրակաշառքի, իսկ Արմեն Չարչյանի դեպքում մեղադրանքի հիմքում ընդամենը նախընտրական ժողովի ձայնագրությունն է, չնայած կոլեկտիվից ոչ մեկը ցուցմունք չի տվել, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Սակայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող Չարչյանին պահում են կալանքի տակ, իսկ Խլղաթյանին ազատ են արձակում: