«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը. Շուշանը 2 մլն դրամը չի ստանա

09/07/2021

ՀՀ քաղաքացիական դատարանը մերժել է Շուշան Նիկոլի Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի։

Շուշան Փաշինյանը դատարան էր դիմել մեկ տարի առաջ։ 2020թ–ի փետրվարի 26–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` նրա հրապարակումն իր հասցեին որակելով որպես զրպարտություն, պահանջելով հրապարակայնորեն հերքել ու վճարել փոխհատուցում 2 մլն դրամ` որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Վարչապետի միջնեկ աղջիկը հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»:

Դատարանը գործի քննության արդյունքում պարզել է, որ վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը ենթակա է մերժման։ Ըստ դատարանի մեկնաբանության` կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին, և Շուշան Փաշինյանը չէ, որ հանդիսացել քննադատության թիրախ:

«Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հանդիսանում հենց հայցվորը և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը»,– ասված է դատարանի վճռում։

Նշենք, որ վճիռը կայացվել է 2021թ–ի հունիսի 18-ին։ Այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Աղբյուր՝  armeniasputnik.am