«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու Նիկոլ Փաշինյանին չեք կալանավորում՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի. Պավել Մանուկյանը՝ դատավորին

02/12/2020

Ախր հիմա ես ոնց ասեմ։ Ես իմ հայրենիքի համար պաշտպանական ճառով հանդե՞ս գամ, թե ինձ համար։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստին ասաց ամբաստանյալ Պավել Մանուկյանը՝ դիմելով դատարանին։

Վերջինս պետք է ներկայացներ դիրքորոշումը՝ քրեական գործի, առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, որին պետք է հաջորդեր արդեն փաստաբանի պաշտպանական ճառը։
«Պարոն Մակյան, երբ արդարությունը փլվում է, փլուզվում է ամբողջությամբ։ Մենք տարիներ առաջ ասում էին, որ արդարության տանիքը ոչ թե ծակ, այլ՝ փլուզված է։ Հիմա նորից եմ ասում՝ ինչու սանկցիա չեք իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի։ Ինչու՞ սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու, մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ, ունենք տասնյակ հազարավոր գաղթականներ, զոհեր, վիրավորների մասին էլ չեմ խոսում, որոնք անտեր թափված են հիվանդություններում և հոսպիտալներում՝ պետական հոգածություն չունենալով, մինչդեռ երկիրը կանգնած է ալան-թալանի առաջ և ինքնապարգևատրման, հիմա ես ի՞նչ պաշտպանական ճառով հանդես գամ, որ կարողանամ սրա դեմը կանխել, պարոն Մակյան »,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ պատրաստ չէ այդպիսի ճառի, արտահայտվելու ունակություն չունի, հանդես չի գա ճառով։

Մանուկյանը նշեց, որ թատրոնն արդեն խաղալիք է դարձել իր համար և նույնիսկ մահապատիժ նշանակելու դեպքում իր մոտ ոչինչ չի փոխվի։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Աղբյուր` Փաստինֆո