«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թշնամին պարբերաբար կրակում է բնակելի առանձնատների ուղղությամբ. Ճանկաթաղի բնակիչ

04/07/2023

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի Ղարիբյան ընտանիքի առանձնատունը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, գրում է artsakhpress.am-ը:

Անգամ այդ պայմաններում ընտանիքը շարունակում է ապրել ու  արարել:

«Մեր տան բակից լավ  երևում է թշնամու դիրքը, նրանք էլ մեզ են տեսնում, հետևում մեր անցուդարձին: Վերջերս էլ մեր տան ուղղությամբ են կրակոցներ արձակել: Բարեբախտաբար, կորուստներ չունեցանք, բայց ապրումներն աննկարագրելի էին: Երբ կրակում են գյուղի ուղղությամբ, պատսպարվում ենք, հետո նորից անցնում առօրյա գործերին: Մեր սեփական տան բակում վախենալով ենք անցուդարձ անում, ամեն րոպե սպասում, որ կկրակեն: Երբեմն նաև իրենց տեղակայման վայրից մեզ լսելի ձայնով հայհոյում են: Այդ ամենից չենք ընկճվում, միայն թոռներիս կյանքի  համար եմ վախենում: Մեր ուզածը մեր տանը  խաղաղ ու հանգիստ ապրելն է, բնության տված բարիքներով գոհանալը,  մեր ձեռքով թխված հացը ուտելը: Գիտենք` ուրիշ տեղ չենք կարող հայրենիք  գտնել»,-մեզ հետ զրույցում ասել է Գրետա Ղարիբյանը:

Տիկին Գրետան 44-օրյա պատերազմում` Հադրութի շրջանում մղված մարտերում, կորցրել է թոռանը: Վստահեցնում է, որ  թե՛ ինքը, թե՛ գյուղի որևէ այլ բնակիչ չեն պատրաստվում լքել հայրենի գյուղը:

Նա տեղեկացրել է, որ անգամ  թշնամու թիրախում  մշակել են տնամերձ հողամասը, որ կարողանան մի կերպ հաղթահարել լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: