«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծխի մեջ թաղված Աթենքն ու այրվող անտառները. Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ

05/08/2021

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:

Հունական Պելոպոնես թերակղզում ու Էվբեյա կղզում այս գիշեր հրդեհները նոր ուժով են բռնկվել։ Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ կրակը դեռ չեն կարողանում հսկողության տակ վերցնել։

Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, աղետի վայր են մեկնել հրշեջ ծառայության ավելի քան 170 աշխատակիցներ, շուրջ 50 հրշեջ մեքենաներ, վեց ուղղաթիռներ ու մեկ հրշեջ ինքնաթիռ:

Աթենքի տեղեկատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Էլիդա շրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են մոտ 20 տուն և մոտենում են Օլիմպիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Լալաս բնակավայրին:

Ավելի քան 100 հրշեջներ շարունակում են ջանքեր գործադրել Էվբեյա կղզում հրդեհների տեղայնացման ուղղությամբ: Այնտեղ կրակն արդեն 150 տուն է ոչնչացրել։ Երկու գյուղերի բնակիչներին այսօր առավոտյան տարհանել են։

Ուժգին քամիները խանգարում են հրշեջներին։ Քամու պատճառով հրշեջ ինքնաթիռը նույնիսկ չի կարողացել մոտենալ կրակին։

Ըստ որոշ տվյալների` վերջին 24 ժամվա ընթացքում հրշեջները փորձել են 92 անտառային հրդեհ մեկուսացնել։

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասն իր հերթին հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:

Երեկ նա ասել էր, որ հուլիսին Հունաստանում 1584 անտառային հրդեհ է գրանցվել: Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ավելի վաղ նշել էր, որ Հունաստանը բախվել է 1987 թվականից ի վեր ամենասաստիկ շոգին:

Ըստ հունական ԶԼՄ-ների` Հունաստանի առանձին շրջաններում, մասնավորապես Էվբեյա կղզում ու Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն: