«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պարտությունը ձերն է, բայց զոհերը մերն են. Թագուհի Թովմասյանը՝ իշխանություններին

15/04/2021

«Մենք քննարկում ենք Հայաստանի պատմության ամենամահաբեր տարվա հաշվետվությունը»,- ելույթ ունենալով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ՝ հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հիշեցրեց, որ նախորդ տարի պատերազմում ունեցել ենք ավելի քան 4000 զոհ, իսկ կորոնավիրուսից՝ 2828+600:

Պատգամավորը նկատեց, որ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին պատասխանելու փոխարեն Աժ-ում վերջն երկու օրում տեսել է նախընտրական տրամադրություններ, քաղաքական հայտարարություններ, քաղաքականության մեջ նոր ձևով ներգրավվելու հայտեր, կամ նոր գործիքկազմով քաղաքական գործունեություն ծավալելու ձգտումներ:

Թովմասյանը շեշտեց, որ ավելի առարկայական էր պատկերացնում հաշվետվության քննարկումը, սպասում էր, որ այն պետք է առնչվեր ՀՀ քաղաքացիների կյանքին, բայց իշխանությունները և խորհրդարանական մեծամասնությունը նախընտարկան քարոզչության ճանապարհով գնացին:

«Երբ ձեր կողմից հնչում է տեսակետ, թե պարտությունը մերն է, ես ուզում եմ ասել, որ այո՝ պարտությունն առաջին հերթին ձերն է, բայց և բոլորինս է: Եթե պարտությունը ձերն է, ապա ակնհայտորեն զոհերը մերն են»,- հայտնեց Թագուհի Թովմասյանը և տեղեկացրեց, որ կոնկրետ ինքն ունի բարեկամներ, որոնք Քարվաճառում են զոհվել և այժմ խնդիր ունի մարդկայնորեն նրանց հարազատների հետ շփվելու, քանի որ Քարվաճառը հանձնել են:

Պատգամավորը նկատեց, որ պարտությունը իշխանությանն է, բայց դրա տարածքային կորուստները հասարակությանն է, քանի որ  սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են զգում տարածքների կորստի հետևանքները:

«Պարտությունը ձերն է, բայց անվտանգության խնդիրը մերն է, քանի որ սահմանին ապրող քաղաքացին է զգում անվտանգության խնդիրը և նրա երեխաները չեն կարողանում ազատ ու անվտանգ շրջել Հայաստանի մի շարք բնակավայրերում»,- շեշտեց  պատգամավորը և բացատրեց, որ այսօր չկան կահավորված խրամատներ և դիրքեր, որոնք նախկինում գոնե տեսանելիորեն կային:

Ըստ պատգամավորի՝ այսօր Հայաստանի զինվորն ավելի վատ է հագնվում, քան թշնամունը և այն ամեն օր սահմանին տեսնում է թշնամին: