«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան փորձում է նավթամշակման ոլորտից դուրս մղել ռուսական «Ռոսնեֆտին»

14/06/2022

Գերմանիան փորձում է ճանապարհ գտնել՝ վերահսկելու մեծամասամբ Ռուսաստանին պատկանող նավթավերամշակման գործարանը, որն ապահովում է Բեռլինում սպառվող վառելիքի մեծ մասը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Գերմանիայի Շվեդտ քաղաքում գործող նավթավերամշակման գործարանը, որի մեծամասնությունը պատկանում է ռուսական նավթային հսկայ «Ռոսնեֆտ» ընկերությանը, փորձարկում է Գերմանիայի վճռականությունը՝ մինչեւ տարեվերջ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրումը՝ որպես եվրոպական նոր պատժամիջոցների մի մաս:

Դեպի ծով ելք չունեցող նավթավերամշակման գործարանն ապահովում է Բեռլինի վառելիքի 90 տոկոսը եւ 1960-ականներին գործարանի կառուցումից ի վեր ամբողջ հում նավթը ստացել է Ռուսաստանից`«Դրուժբա» խողովակաշարով:

Գերմանական կողմի առաջարկած լուծումներից մեկը նավթավերամշակման գործարանի առօրյա գործունեության վերահսկողությունը ժամանակավորապես բրիտանական նավթային Shell ընկերությանը փոխանցելն էր, որը, ըստ աղբյուրների, չի պատրաստվում մշտական օպերատոր դառնալ:

Քննարկվել է նաեւ վերամշակումը լեհական Orlen ընկերությանը հանձնելու գաղափարը, որը կարող է Ռուսաստանից հում նավթի մատակարարումները վերահղելու հարցում առանցքային դեր խաղալ: Լեհական ընկերությունը, սակայն, պահանջել է, նախքան հնարավոր գործարքը, Գերմանիայի չորրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանից դուրս բերել ռուսական «Ռոսնեֆտին»:

Հայտնի է, որ ռուսական ընկերությունը հրաժարվել է, իրավիճակը կարգավորելու նպատակով, նավթավերամշակման գործարանում ունեցած 54,17 տոկոս բաժնետոմսերը վաճառելու հարցում Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունից:

Գերմանիայի կառավարությունը, սակայն, ազգայնացման մասին նոր օրենսդրության համաձայն, կարող է օտարել ռուսական ընկերությանը պատկանող բաժնետոմսերը, ինչը կարող է հանգեցնել, բնական գազի մատակարարման դադարեցման վերաբերյալ, Մոսկվայի պատասխան քայլերին: Այս հարցում հում նավթի ցանկացած այլընտրանքային մատակարարում ծախսատար կլինի՝ լրացուցիչ ճնշում գործադրելով գերմանացի սպառողների վրա:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն նախատեսում է մինչեւ տարեվերջ էմբարգո սահմանել ռուսական նավթի ներկրման 90 տոկոսի վրա։ Ծրագիրը բացառում է դեպի ծով ելք չունեցող Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, որոնց նավթավերամշակման գործարաններն իրենց ամբողջ պաշարը ստանում են Ռուսաստանից՝  «Դրուժբա» խողովակաշարով: