«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Արևմուտքի մեղադրանքներին՝ կապված Նավալնիի թունավորման հետ

05/09/2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի հետ հապված մի շարք երկրների կողմից հնչող «թշնամական հայտարարությունների» առնչությամբ հիշեցրել է, որ «Նովիչոկ» նյութի ստեղծման ուղղությամբ աշխատել են բազմաթիվ արևմտյան երկրների մասնագետներ և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործանախարարներ Հայկո Մաասը և Ժան-Իվ Լե Դրիանը համատեղ հայտարարություն էին հրապարակել Նավալնիի վիճակի հետ կապված: Հայտարարության մեջ ասվում է, որ նախարարները «խորապես ցնցված են Նավալնիի դեմ իրականացված հարձակման պատճառով», իսկ տեղի ունեցող իրադարձություններն անվանել են «բազմազանության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների լուրջ խախտում»: 

«Կապված այն պնդումների հետ, որ նյարդակաթվածահար ազդեցության քիմիական միացությունը, որն Արևմուտքն անվանում է «Նովիչոկ», ստեղծվել է մեզ մոտ, պետք է հիշեցնենք հետևյալը: Տարիներ շարունակ քիմիական նյութերի այդ լայն խմբում ընդգրկվող միացությունների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարել բազմաթիվ արևմտյան երկրների մասնագետներ և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:   

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օգոստոսի 20-ին՝ Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նրան հոսպիտալացրել են Օմսկի հիվանդանոց, որտեղ նա երկու օր է մնացել: Այնուհետև նրան ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց: Գերմանացի մասնագետներն օրեր առաջ հայտարարել են, որ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբին պատկանող մարտական թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել: Գործիչը դեռևս գտնվում է արհեստական կոմայի մեջ: