«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմից խուսափելու հավանականության մասին

10/11/2020

Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից՝ հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Եվ սա եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է։ Ընդ որում՝ բանակցային գործընթացում այդ իրավիճակն այնքան երկար էր ձգվել։ Բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ ու հստակ ձևակերպումն է եղել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական որոշակի կարողություններ ձեռք բերելով՝ քայլ-քայլ պատրաստվել է պատերազմին՝ սկզբից Արցախին բանակցային սեղանից դուրս մղելով, հետո քննարկումից հանվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենալու հարցը։

«Բանակցային գործընթացում հստակ, շոշափելի եղել է մի բան՝ տարածքները պետք է վերադարձվեն։ Անընդհատ խուսանավելով, ինչ-որ ձևերով հայկական կողմը հարցը հետաձգել է, բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 5, 10, 20 տարի, բայց, ի վերջո, գալիս է պահը, երբ ձևավորվում է իրավիճակ, երբ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, և քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, և սեղանին ունենք մի կոնկրետ հարց, որը տարածքների հանձնումն է Ադրբեջանին, ուրեմն եկեք այդ հարցը լուծենք ու անցնենք մնացած հարցերին։ 2018-ի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև։ Դեռ 2018 թվականից առաջ՝ 2016 թվականին, սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր իրականացնել։ 2016-ի պատերազմը կանգ առավ հենց այդ պայմանով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմից առաջ մենք փորձել ենք բանակցային այս տրամաբանությունը փոխել, չհանձնվել, ամեն ինչ անել, որ այս տրամաբանությունը փոխվի, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակի ճշգրտումը առնվազն գան հասնեն որոշակիության, որն ունի տարածքների հանձնման հարցը՝ մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ որ պատերազմի հնարավորության մասին իմացել են, նախապատրաստել են զինված ուժերին, Ադրբեջանն էլ, ամռանը հասկանալով, որ իր զինված ուժերով անկարող է պատերազմում հաղթել, Թուրքիային ու վարձկան ահաբեկիչների ներգրավեց ռազմական գործողություններում։

«Ստեղծվեց վիճակ, երբ հայկական բանակը կռվում էր միանգամից երեք ուժի դեմ։ Մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները կռվեցին անձնուրաց, մեր գեներալներն ու սպաները հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց, ի վերջո, եկանք այն կետին, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել։ Նաև Արցախի ղեկավարությունը այս խնդիրը դրեց։ Այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը կայացվել է»,- նշեց Փաշինյանը։

Փոխանցում է 1Lurer.am-ը: