«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի խախտումները

12/10/2020

Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածության խախտումները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես վոն դեր Մուլը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դատապարտում ենք շարունակվող բռնությունը՝ որ կողմից է այն լինի, և կոչ ենք անում կողմերին վերջ դնել դրան»,- ասել է նա։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Փարիզը ողջունում է մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։ «Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հետևեն արդեն ձեռք բերված պայմնավորվածություններին, ինչը թույլ կտա հասնել ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը»,- ասել է նա։

«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն վերահսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: Ադրբեջանական կողմը, սակայն, պարբերաբար խախտում է այդ համաձայնությունը։