«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է. ՀՀ նախագահ

01/07/2023

Հայաստանում վերջին տարիներին ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է:

Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորեց գլխավոր դատախազին և համակարգի բոլոր աշխատողներին՝ օրվա կապակցությամբ:

Նախագահն ընդգծեց՝ ՀՀ օրինականության և իրավակարգի  պաշտպանության, ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը: Եվ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը: Խաչատուրյանը նկատեց՝ դատախազների գործունեության անկյունաքարը ՀՀ սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը երկրում սահմանադրականությունը, սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը

«ՀՀ անկախությունից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ, անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների: Բայց վերջին տարիներին մեր երկրում ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը»,-ասաց նախագահը:

Նախագահի գնահատմամբ՝ դատախազությունը կուռ միասնական համակարգ է, որի արդյունավետ գործունեության գրավականը աշխատակիցների մասնագիտական փորձառությունը, արհեստավարժությունն ու անձնվեր աշխատանքն են: Միևնույն ժամանակ, Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ համակարգի շարունակական համալրումը երիտասարդ և գիտակ իրավաբաններով ձևավորում է դատախազության որակյալ ներուժը՝ իր սահմանադրական լիազորությունների իրականացման համար:

Նախագահը օրվա առիթով նաև շնորհեց պետական պարգևներ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին շնորհվեց Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: