«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2020 թվականին ավտոմեքենաների ներկրումը նվազել է շուրջ 15 անգամ. news.am

25/06/2021

Եթե դեռևս մի քանի տարի առաջ ավտոմեքենան Հայաստանում համարվում էր շքեղության առարկա, ինչի մասին վկայում էին ներմուծման վիճակագրության համեստ ցուցանիշները, ապա հիմա այն դիտարկվում է որպես փոխադրամիջոց: Միաժամանակ, ի հայտ են եկել ավտոմեքենա ձեռք բերելու համար անհրաժեշտ տարատեսակ միջոցներ՝ վարկերի, հետադարձ պարտավորություններով պայմանագրերի կնքման տեսքով: Բացի դրանից շուկայում առկա են մեծ քանակությամբ 1990-ական և 2000-ական թվականների թողարկման ավտոմեքենաներ, որոնց գինը նվազում է տարեց տարի, ինչին զուգահեռ աճում է դրանք ձեռք բերելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը: 

ՀՀ մաքսային վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին Հայաստան  ներմուծվել է 65 հազար, 2019 թվականին՝ 208 հազար, 2020 թվականին՝ 14 հազար թեթև մարդատար ավտոմեքենա: Այսինքն՝ 2020 թվականին ավտոմեքենաների ներկրումը նվազել է շուրջ 15 անգամ։

2018 – 2020 թվականի ներմուծման տվյալները չեն արտացոլում իրական իրավիճակը, քանի որ ավտոմեքենաների հիմնական մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ պետություններ առանց համապատասխան մաքսային ձևակերպման: Որոշակի պատկեր կարելի է ձևավորել 3 տարվա ընթացքում հաշվառման դրված ավտոմեքենաների քանակի վերաբերյալ ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալների հիման վրա, մասնավորապես՝ 2018 թվականին՝ 160 495, 2019 թվականին՝ 280 089 և 2020 թվականին՝ 113 695 թեթև մարդատար ավտոմեքենա: Նշված տրանսպորտային միջոցների մի մասը դուրս է բերվել Հայաստանից:

Հայաստանում առավել մեծ պահանջարկ վայելող ավտոմեքենաներն են.

•             Opel Astra, Opel Vectra, Opel Zafira,

•             Mercedes – Benz C,

•             Nissan Tiida,

•             Toyota Camry, Toyota Corolla, Toyota Prado,

•             Kia Optima,

•             Hyudai Sonata, Hyundai Elantra,

•             Ford Fusion:

Հայաստան ավտոմեքենաներ ներմուծվում են հիմնականում Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Չինաստանից:  2020 թվականին  ավտոմեքենաներ ներմուծվել են Ռուսաստանից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից:

2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ավտոմեքենաների ներքին առևտուրը նվազել է 33,5%-ով։ Հայաստանի ավտոշուկայի վրա մեծ ազդեցություն է թողել համավարակը, սահմանների փակ լինելը, ինչպես նաև դեպի Ռուսաստան արտահանման արգելքը, ինչի պատճառով մեր ներմուծողները ստիպված են եղել գործել բացառապես ներքին շուկայում, սակայն այն չափազանց փոքր և անվճարունակ է: Արդյունքում՝ ունենք իրավիճակ, երբ Երևանում յուրաքանչյուր քայլին հնարավոր է հանդիպել «վաճառվում է» գրությամբ ավտոմեքենա: Իսկ Նուբարաշենի ավտոշուկայում առկա են վաճառվող ավտոմեքենաների հսկայական կուտակումներ, որտեղ գտնվող ավտոմեքենաների գերակշիռ մասն այնտեղ կանգնած է  2 տարուց ավելի:

Հիմնական խնդիրն այն է, որ այդ ավտոմեքենաների սեփականատերերը ժամանակին մեծ վարկեր են վերցրել՝ գրավադրելով իրենց բնակարանները, անշարժ գույքը կամ խնայողությունները՝ հույս ունենալով փող վաստակել վերավաճառքից: Սակայն հիմա ապրանքը չի իրացվում, իսկ վարկերի դիմաց վճարումները, միևնույն է, անհրաժեշտ է կատարել: