«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը իր ընտանիքի մասին նյութերի հետևում ՀՀ-ի հետ փոխկապակցված շրջանակներին է տեսնում

13/10/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Պանդորայի փաստաթղթեր»-ի և դրա շրջանակներում իր ընտանիքի անդամների վերաբերյալ արված լրագրողական հետաքննությունների մասին: 

«Գիտե՛ք՝ ես վաղուց եմ բախվում այդպիսի հարցերի։ Հաշվի առնելով քաղաքական կոնյուկտուրան՝ ժամանակ առ ժամանակ Արևմուտքի որոշ ուժեր փորձում են օգտվել զրպարտությունից, որպեսզի փչացնեն Ադրբեջանի իմիջն ու թուլացնեն նրա դիրքերը»,- հայտարարել է Ալիևը։

Խոսելով «Պանդորայի փաստաթղթեր»-ի մասին՝ Ալիևը նշել է, թե դա լրագրողական հետաքննություն չէ, այլ Հայաստանի հետ սերտ կապ ունեցող արևմտյան շրջանակների ձեռքի գործը։

«Հայտնի է, թե դրա հետևում ով է կանգնած։ Պարզ է, թե ինչու են հիշատակում նաև Ադրբեջանին։ Բնական է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը անակնկալ էր շատերի համար։ Դա նրանց դուրը չի եկել... Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող արևմտյան շրջանակներն ակտիվացել են։ Մենք սպասում էինք դա և գիտեինք, որ կրկին կսկսվի Ադրբեջանին սևացնելու արշավը»,- հայտարարել է Ալիևը։ 

Ալիևը հավելել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ ընդգծելով, որ հաջողակ գործարար է եղել։ «Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ես հեռացել եմ բիզնեսից և փոխանցել այն իմ երեխաներին։ Նրանց կապիտալը հիմնականում Ադրբեջանում է, սակայն կա նաև նրա սահմաններից դուրս։ Նրանց ամբողջ բիզնես գործունեությունը թափանցիկ է»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքերով՝ ինքը չի ծանոթացել այդ փաստաթղթերին՝ հավելելով, որ իրեն զեկուցել են այդ մասին և, հնարավոր է, այնտեղ կա 5 % ճշմարտություն։ Մնացածը, Ալիևի պնդմամբ, կեղծիք է։