«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոցցանցերը՝ անչափահասների ու թմրամիջոցների միջև միջնորդ

28/06/2021

Գործ ունենք ոչ թե կախվածության, այլ աղետի հետ․ դեռահասների ու երեխաների շրջանում թմրանյութի օգտագործման ծավալներն այսպես է բնութագրում «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանը։ Ասում է՝ կախվածությունը սմարտֆոններից ու համացանցից առավել վտանգավոր ելք կարող է ունենալ՝ հանգեցնելով կախվածության, օրինակ, թմրանյութերից․

«Միայն տելեգրամ հավելվածում կա 1200 նարկոշոփ։ Ամեն օր երեկոյան ժամը 11-ից հետո կտեսնենք, որ առնվազն 600-800 մարդ թմրանյութ է փնտրում։ Այն հանգամանքը, որ տեղեկատվությունը չափազանց հասանելի է անչափահասներին, որ երեկոյան Երևանի որոշ փաբերում թույլատրելի տարիքից ցածր այցելուների քանակը շատ մեծ է, և մեր ստացած տեղեկատվությունը կոնկրետ տարբեր վայրերից թույլ են տալիս ասելու, որ մենք գործ ունենք ոչ թե կախվածության, այլ աղետի հետ, որը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է»։

Երեմյանը մանրամասնում է՝ երեխան, որի ձեռքին սմարտֆոն կա, կարող է իմանալ ցանկացած երևույթի մասին, այդ թվում՝ թմրանյութերի։ Նույն երեխային, սակայն, տանը դրա վնասների մասին չեն պատմում։

«Խնդիրն այն է, որ հասարակության լայն շերտերը չեն առերեսվում իրականության հետ։ Մենք՝ հասարակության ավելի չափահաս քաղաքացիներս, մտածում ենք, որ չունենք նման խնդիր։ Իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք այս ոլորտում, որովհետև դեռևս փոքր տարիքից մեր երեխաներին արհեստականորեն կապում ենք մի երևույթի հետ, որը կոչվում է սմարտֆոն, որը տանում է մեր երեխաներին համացանց»։

Օնլայն հարթակներում հանգամանորեն ներկայացվելով՝  թմրամիջոցները հասնում են նաև օֆլայն տարածք։ «Ռադիոլուր»–ը հետաքրքրվեց, թե  Հայաստանում ի՞նչ տարածում ունի արհեստական կանեփ կամ սփայս հոգեներգործուն միջոցը։ Արդյո՞ք հատկապես դեռահասների ու երիտասարդների շրջանում տարածված այս միջոցը հասել է հայաստանյան դպրոցներ։

«Ցավոք սրտի հասել է, հիշատակված սփայսը, որն այսօր բոլորովին այլ անուններով է շուկայում, չեմ ուզում անուններ տալ, ասել՝ ինչ տեսականիների մասին եմ խոսում, միայն ևս մեկ անգամ դիմում եմ բոլոր չափահաս քաղաքացիներին, ուշադիր եղեք, հետևեք անչափահասների մուտքին սոցցանցեր, 15-16 տարեկան պատանիներին առաջարկում են թմրանյութը՝ որպես ծննդյան նվեր, և մեր երեխաները ընտանիքում նախապես տեղեկացված չլինելով, գնում են դրա հետևից, օգտագործում են։ Ցավոք, այո, և սփայսը, և այլ քիմիական նյութեր մեծ տարածում ունեն»։

Ոստիկանության ներկայացրած վիճակագրական տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ կապված  հանցագործությունների 1226 դեպք՝ նախորդ տարվա 1088-ի փոխարեն։

Ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 114 կգ 671 գրամ տարբեր տեսակի  թմրամիջոց։ Դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության է ենթարկվել 4 անչափահաս։ Թմրամիջոցները հիմնականում Հայաստան հասնում են Իրանից, երբեմն՝ Գերմանիայից։

Կախվածության բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշում է, որ կենտրոնում թմրանյութից կախվածություն ունեցող երեխա կամ դեռահաս հաշվառված չէ, սակայն այս դեպքում պաշտոնական տվյալները և իրականությունը չեն համապատասխանում․

«Մեր կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ թմրամիջոցներից կախվածություն ունեցող հաշվառված երեխա կամ դեռահաս չկա, բայց նկատելի է, որ հետդպրոցական կամ ուսանողության շրջանում՝ 18-20 տարեկանների շրջանում, թմրամիջոցների գործածությունը ավելացել են։ Պետք է նշել, որ մեր վիճակագրական տվյալները չեն արտացոլում իրական պատկեր»։

Կենտրոնի բազայում ներառվում են միայն այն մարդիկ, որոնք դիմում են բուժում ստանալու համար, սակայն առանց լուրջ հետազոտությունների էլ պարզ է, որ այդ մարդիկ կախվածություն ունեցողների փոքր մասն են կազմում։ Ռուզաննա Երեմյանի կարծիքով՝ այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակություն չի դադարել կախվածություն ունեցող մարդուն պիտակավորել․

«Կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է, որը հնարավոր է կանխարգելել։ Եթե մենք տաբուն պահենք, չբարձրաձայնենք խնդիրը, ծնողները տեղեկատվություն չստանան, մենք հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու»։

Հասարակական մտածողություն փոխելու և չափահասների ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը և «Միասին կարող ենք» ՀԿ–ն իրականացնում են իրազեկման ակցիաներ։ Դրանց արդեն մասնակցել է Երևանի 12 դպրոցներում սովորող աշակերտների ավելի քան 9000 ծնող և 750 ուսուցիչ։