«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը կորոշի՝ ինչպես պատժել Իսրայելին․ Քանանի

02/04/2024

Իրանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում հանրապետության հյուպատոսության վրա, որը ներկայումս ծառայում է որպես դեսպանատուն, Իսրայելի օդային հարվածին և կորոշեն, թե ինչպես «պատժել ագրեսորին»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը, պահպանելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը կորոշի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակը», - ասվում է Քանանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram–յան ալիքում:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը, և Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումը հետաքննվում է։ Քանանին նաև կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի գործողությունները և «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ագրեսորի դեմ»։

Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն» դատապարտել Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար։
Իրանցի դիվանագետների կարծիքով՝ Անվտանգության խորհրդի միջոցառումները պետք է ուղղված լինեն այս հանցագործության մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելուն։
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram ալիքում, Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել հարձակման վերաբերյալ։ Այն նախատեսված է ապրիլի 2-ին ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Հավելենք, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Նրանցից 7-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականներ են, երեքը՝ Սիրիայի քաղաքացիներ, մեկը՝ լիբանանցի։