«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում

24/03/2023

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ:

«Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը», - ասել է Միրզոյանը եգիպտական AlQahera News-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով խաղաղության պայմանագրին վերաբերող հարցին՝ արտգործնախարարն ասել է. - «Սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար»:

«Հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը: {...} Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը», - Արտգործնախարարության լրատվականի վարչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը:

«Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: