«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն 10 տարեկան է․ ԿԳՄՍՆ

18/12/2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հայտնում է․

«Այսօր տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի 10-ամյա գործունեությանը նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների ու Պարենի համաշխարհային ծրագրի 10-ամյա համագործակցության արդյունքները:

«Ուրախ եմ, որ 10 տարի անց կարող ենք խոսել ծրագրի նոր փուլի մասին, որը հնարավորություն կտա ընդլայնելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սննդի տրամադրման գործընթացը՝ խթանելով համայնքային զարգացումը, առողջ սնվելու վարքականոնի արմատավորումը, նպաստելով նաև սննդամթերքի տեղական արտադրության աճին՝ դպրոցներին կից ջերմոցների հիմնման միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է ծրագրի շարունակականությունը և համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ներդրվում է ծրագրի էլեկտրոնային կառավարման համակարգ: Բացի դրանից՝ ինստիտուցիոնալ լուծում է մշակվում դպրոցում աշխատող խոհարարների հարցի վերաբերյալ։ Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներդրվի դպրոցական սննդի խոհարարական կարճաժամկետ մոդուլ, և բարձրացվեն մասնագիտական կրթության հաստատությունների կարողությունները: Այս առումով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է լինելու գործընկերների աջակցությունը, որի շրջանակում ծրագրում ներգրավված խոհարարներին կտրամադրվի կրթաթոշակ, և վերջիններս կստանան կարճաժամկետ հավաստագրված մասնագիտական կրթություն` աստիճանաբար սահուն անցում ապահովելով դպրոցները մասնագիտացված խոհարարներով համալրելու ծրագրին:

Նախարարի տեղակալը նաև ասել է, որ հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ անհրաժեշտ է հզորացնել նաև մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները՝ ծրագիրը սպասարկելու և կառավարելու նպատակով: Նա նաև նշել է, որ այս կիսամյակի ընթացքում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա սննդային փաթեթներ է ստացել տանը՝ մինչև կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Արցախի պատերազմը ցույց տվեց, թե ինչ խոցելի են երեխաների իրավունքները, և ինչքան կարևոր են երեխաների իրավունքների իրացման երաշխիքները, մասնավորապես՝ կրթության իրացման և առողջ սնունդ ստանալու իրավունքը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս ընթացքում արվել է հնարավորը՝ ծրագրում փորձելով ընդգրկել նաև Արցախի երեխաներին, և պետք է այդ ուղղությամբ ջանքերը շարունակել:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել և ծրագրի 10-ամյա գործունեությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչները»: