«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ առաջնորդները պետք է հստակ հասկացնեն Ալիեւին, որ իրեն թույլ չեն տա անպատիժ գործել․ Ռասմուսեն

25/03/2023

Ողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա, բայց դա արդարացում չէ՝ անտեսելու մեկ այլ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի շեմին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կրկին աճում է՝ բարձրացնելով նոր պատերազմի հեռանկարը, գրում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքը փակվել է ադրբեջանցիների կողմից՝ բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։

Քանի որ «ցուցարարները» արգելափակում են դեպի Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական եւ առեւտրային փոխադրումները, Amnesty International-ը զգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը: 2020 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած զինադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ճանապարհի ազատ երթեւեկությունը երկու ուղղություններով: Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունը՝ հրաժարվելով բացել միջանցքը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին վճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Բայց անցել է մեկ ամիս, եւ ոչինչ չի փոխվել։ Թեեւ միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն երթեւեկությունը, նրանք անգործության են մատնված։

Եթե Եվրոպան եւ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա՝ շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերաճել հումանիտար աղետի: Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը եւ այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։ Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են՝ առանց նախազգուշացման եւ պատճառները բացատրելու։ Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս բարդացնելն է, եւ վերահաս էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է շեղվենք կատարվածից։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (եւ նրա ինտերնետային տրոլները) շարունակում է պնդել, որ շրջափակում չկա եւ հրաժարվում է միջազգային դիտորդներին հասանելիություն տրամադրել՝ իրավիճակը գնահատելու համար։ Ուստի միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն։ Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կբախվի հետեւանքների, եթե շարունակի անտեսել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը:

2020 թվականի ղարաբաղյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից գնված զենքի շնորհիվ: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց Հայաստանի ներսում գտնվող տարածքը՝ ներառյալ ռազմավարական դիրքերը Ջերմուկում՝ ընդամենը երկու օր ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ Թեեւ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է մոտակա հինգ նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որեւէ աջակցություն չի ստացել, երբ օգնություն է խնդրել իր ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո: Նա մնացել է խոցելի եւ միայնակ: Իսկ վատագույնն այն է, որ Ադրբեջանն իր զորքերը պահում է Հայաստանի տարածքում եւ հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցություններով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա հարձակման վերսկսումը։  

Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եւ՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոտովանել են դա եւ այդ հարցին զգալի քաղաքական կապիտալ են նվիրել: Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։          

ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի, որպեսզի վերահսկի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպական առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիեւի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա ներկայության ընդլայնումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա ընտրի բանակցությունները ռազմական առճակատման փոխարեն: Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն ավելի ու ավելի սերտ տնտեսական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից ու նավթից նրա արագ հրաժարման շնորհիվ։ Սակայն ԵՄ առաջնորդները պետք է հստակ հասկացնեն Ալիեւին, որ նրան թույլ չեն տա անպատիժ գործել, եւ որ Եվրոպայի կարճաժամկետ առեւտրային շահերը չեն գերազանցի նրա արժեքները կամ երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:   

Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները եւ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր դատական որոշումները, ապա պետք է բախվի քաղաքական եւ տնտեսական հետեւանքների: Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է չափազանց բարդ հարեւանության մեջ։ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում Եվրոպան պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում։ Սա բարեգործության ձեւ չէ։ Գործել հիմա, որպեսզի կանխվի եւս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում հետնաբակում։ Բոլորի շահերից է բխում»,-գրում է Ռասմուսենը Project Syndicate պարբերականի համար իր հոդվածում։