«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանի նախագահի ձևակերպումները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը. ՀՀ ՄԻՊ

09/01/2021

Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ թշնամանք տարածել նաև պատերազմից հետո՝ ահազանգում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, կազմակերպված այդ քարոզի մաս համարում՝ նախագահ Ալիևի երեկվա ելույթը: 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր տեքստում նա օգտագործել է Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիքներ, ժողովրդին ահաբեկող և արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ՝ նշել է Արման Թաթոյանը:

Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան - Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն: Սա, իր հերթին, ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:

Օմբուդսմենը՝ Ալիևի ելույթի ֆոնին հիշեցնում է ադրբեջանցի զինվորականների կողմից մեր երկրի սահմանային բնակչությանն ահաբեկելու վերջին դեպքերը: Օրինակ բերում Սյունիքի գյուղերում մարդկանց տների վրա ադրբեջանական դրոշ տեղադրելն ու խաղաղ բնակիչությանը վիրավորող տեսանյութեր հրապարակելը, Գորիս-Որոտան ճանապարհին «Բարի գալուստ, Ադրբեջան» պաստառով վախեցնել-ընկճելը: Բաքվի այդ վարքը, ըստ Արման Թաթոյանի, դատապարտելի է:

Արման Թաթոյան - Հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու միջազգային իրավունքը:

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեից էլ արձագանքի է սպասում պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Կառույցին նա դիմել է՝ Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար:

Նազելի Բաղդասարյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հնարավորության դեպքում իրականացնել հրատապ այց՝ Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիթորինգ իրականացնելու համար։

62 անձանց մասին Ադրբեջանն, ըստ եվրոպական դատարանի կիրառած հրատապ միջանկյալ միջոցի, պետք է տեղեկատվություն փոխանցեր մինչև դեկտեմբերի 28-ը: Բայց քանի որ ժամկետը խախտել է, արհամարհել ՄԻԵԴ-ի պահանջը, այս նամակով լրացուցիչ մի փորձ են ձեռնարկել՝ գրել է Նազելի Բաղդասարյանը:

Հայաստանն, ի դեպ, հունվարի 3-ին և 5-ին դիմել է նաև Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ նախարարների կոմիտե:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան, 1Lurer.am