«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

19/04/2021

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը»  (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:
Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: 
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ: 
Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին: 
Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել: 
Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու՞ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:
Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի: 
Ընդդիմադիր պատգամավորները բացի վերոհիշյալ հարցերից նաև հետևյալ հարցերն են հղել Էրսոյին.
Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչու՞ չեն կարողանում վերականգնել: 
Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:
Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:
Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը և ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:
Մուշի նահանգում գտնվող և Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է: 
Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային և զբոսաշրջության նահանգային վարչության կողմից։
Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել և գրանցման կտրոն պատրաստվե՞լ է: 
Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային և բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը:
Աղբյուր`    Ermenihaber.am