«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խախտվել է մոտ 30 հազար սովորողի կրթության իրավունք. Արցախի ԿԳՄ նախարար

08/11/2020

Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը՝ տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն այսօրվա հրավիրած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: Ղարախանյանի խոսքով, պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցական են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ, և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, բուհերի:

«Քանի որ պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են, և մենք, բառի բուն իմաստով, հնարավորություն չունենք Արցախում որևէ մակարդակում կրթություն կազմակերպելու մեր աշակերտության և ուսանողության համար, ուստի որոշել ենք Հայաստանում ապաստան գտած մեր աշակերտների և ուսանողների կրթությունը մինչև պատերազմի ավարտը կազմակերպել այստեղ»,- ասաց Ղարախանյանը:

Նա տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում: «Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-տեղեկացրեց նախարարը:

Ինչ վերաբերում է բուհերին, ըստ Ղարախանյանի, դրանք պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով: «Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,- տեղեկացրեց նախարարը: