«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինական խնդիրը թևակոխում է կրիտիկական շաբաթ: ԱՄՆ-ն և Ռուսաստանը վատատեսորեն են տրամադրված

08/02/2022

      «Շատ լարված մթնոլորտ է պահպանվում», - հայտարարել է Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ։

      Մտնելով ուկրաինական դիմակայության խիստ վտանգավոր շաբաթ ՝ ո՛չ Ռուսաստանը , ո՛չ Միացյալ Նահանգները լավատեսորեն չեն տրամադրված լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման հարցում։

      Նախագահ Ջո Բայդենը կիրակի նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փնտրել «այն, ինչ նա չի կարող ստանալ»` մտածելով հարևան երկիր պոտենցիալ ներխուժման մասին: ԱՄՆ-ի նախագահի Ուկրաինայի առջև ծառացած իրավիճակի մասին վերջին գնահատականներից հետո արևմտյան առաջնորդները համախմբվեցին՝ փորձելով մեղմել ճգնաժամը:

       Բայդենի այս հայտարարությունը հնչեց  այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC-ի «Meet the Press»-ի եթերում զգուշացրեց, որ «Ուկրաինա ներխուժում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:

      ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շաբաթներ շարունակ ահազանգում են, որ Ռուսաստանը ավելի քան 100,000 զինվոր է հավաքում Ուկրաինայի սահմանների մոտ։ Բայց վախը, որ Եվրոպան կանգնած է մահացու նոր հակամարտության անդունդին, նույնպես դիվանագիտության իրարանցում է առաջացրել:

      Չնայած Վաշինգտոնը վատագույնին է պատրասվում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ դեմառդեմ հանդիպման: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կհանդիպի Բայդենին՝ բանակցություններ անցկացնելու համար, որոնք կկենտրոնանան Ուկրաինայի շուրջ:

     Մակրոնը Կիև կմեկնի երեքշաբթի, իսկ Շոլցը հաջորդ շաբաթ կմեկնի ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա:

     Գերմանիայի կանցլերը դիմակայել է Ուկրաինային զենք մատակարարելու ճնշմանը և կոչ է արել «խոհեմություն» ցուցաբերել Մոսկվայի դեմ հնարավոր տնտեսական միջոցների նկատմամբ՝ մտավախություն ունենալով, որ Բեռլինը կարող է թույլ օղակ լինել Արևմուտքի՝ ճգնաժամում միասնական ճակատով հանդես գալու ջանքերում:

     Մակրոնը ֆրանսիական Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվա կատարած իր այցից մեծ ակնկալիքներ չուներ, այնուամենայնիվ, Պուտինի հետ հանդիպելը կարևոր է:

     Ըստ Մակրոնի «Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակն այսօր ակնհայտորեն ոչ թե Ուկրաինան է, այլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ համակեցության կանոնների հստակեցումը»:

     «Իրավիճակն այժմ չափազանց բարդ է մեկ հանդիպումից հետո վճռական փոփոխություններ սպասելու համար», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

     Մոսկվան բազմիցս հերքել է, որ ծրագրում է հարձակում, բայց սահմանի երկայնքով հավաքել է ուժերի 70 տոկոսը , որն անհրաժեշտ է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու համար, ասում է ԱՄՆ պաշտոնյան, ավելացնելով, որ եթե ​​դա տեղի ունենա, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, ամենայն հավանականությամբ, կգրավվի ներխուժման առաջին օրերին, հնարավոր է, առաջին 48 ժամվա ընթացքում:

     Ռուսաստանը, սակայն, ԱՄՆ-ի կողմից նման գնահատականները որակել է որպես քարոզչություն։

     «ԱՄՆ-ի քարոզչական պատերազմի ևս մեկ գլուխգործոց» , - կիրակի թվիթերում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին: «Անանուն պաշտոնյաներ, չբացահայտված աղբյուրներ, ոչ մի ապացույց»:

      Արևմուտքի կողմից հրատապության աճը սկսվեց այն բանից հետո, երբ Պուտինը անցյալ շաբաթ ասաց, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները անտեսել են Ռուսաստանի հիմնական պահանջները դիմակայության շուրջ:

      Չնայած Ռուսաստանի պահանջները հիմնականում մերժվեցին, բայց դեռ ​​հույս կար, որ, այնուամենայնիվ, կարող է լինել ճգնաժամից դուրս գալու դիվանագիտական ուղի։ Այս շաբաթը կարող է լուրջ փորձությունների ենթարկել երկրներին իրենց բանակցային ճանապարհին։

https://www.nbcnews.com/news/world/ukraine-standoff-diplomacy-biden-putin-macron-russia-invasion-rcna15112                                                                                                                                                                                                                                                             Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան

Generalnews.am