«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցները շատ քիչ են ազդել «Բայրաքթարների» արտադրության վրա․ Ahval

22/03/2021

ԱՄՆ պատժամիջոցները շատ քիչ ազդեցություն են ունեցել թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության ու արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, գրում է Ahval գործակալությունը։ Դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով։ Սակայն, Իսմայիլ Դեմիրի պնդմամբ, Թուրքիան կարողացել է արտադրել անօդաչուների մասեր, որոնք այլևս ԱՄՆ-ն չի ապահովում։ «Այն կարող է ժամանակ տևել, լինել փոքր-ինչ ծախսատար, բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է պաշտոնյան։ Բացի այդ՝ նա նշել է, որ ծրագրում են ընդլայնել արտահանումը՝ անցյալ տարի Թունիսի հետ կնքած բազմամիլիանոց գործարքից հետո։ «Կան շատ երկրներ Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու նույնիսկ Եվրոպայում, որոնք հետաքրքրված են մեր համակարգերով ու անօդաչուներով»,- ասել է Դեմիրը։ Նշենք, որ «Բայրաքթարները» թուրք-ադրբեջանական կողմը լայնորեն կիրառեց Արցախյան պատերազմում, որի հետևանքով մի շարք երկրներ դադարեցրին Անկարային անօդաչուների մասերի մատակարարումը։ Սակայն դա չի խանգարում, որ հիմա էլ Թուրքիան շարունակի Ադրբեջանին «Բայրաքթարներ» մատակարարել։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր «Բայքար» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը՝ նշելով, որ չնայած էմբարգոյին՝ անօդաչուները 93 տոկոսով արտադրվում են տեղական արդյունաբերության հնարավորություններով։ Ի դեպ, «Բայրաքթարներ» ներկայում կան Թուրքիայի, Ուկրաինայի, Կատարի ու Ադրբեջանի զինանոցում։ Էմմա Չոբանյան

Factor.am-ի փոխանցմամբ: